Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են քաղաքացիների փոխադարձ այցերը կազմակերպել ներքին անձնագրերով
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: «Շատ կարևոր է երկկողմ համագործակցության հումանիտար ասպեկ տը, մեր քաղաքացիների ուղիղ կապերի ընդլայնումը: Այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվեց փաստաթուղթ: Դա կամրապնդի այնպիսի կարևոր ոլորտում համագործակցությունը, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդևը:
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին փաստաթուղթ, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ որոշումն ուղղված է զբոսաշրջային այցերի խթանմանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչ ամառ համապատասխան ներպետական ընթացակարգերը ավարտին կհասցվեն:
Կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման ևս երեք փաստաթուղթ: