«Հայաստանը չի հրաժարվել Իրան-ՀՀ երկաթգծի ծրագրից». Վարդան Ոսկանյան

«Հայաստանը չի հրաժարվել Իրան-ՀՀ երկաթգծի ծրագրից. լուծարվել է միայն մեր կառավարության ավելորդ օղակը, որովհետև նմանատիպ գործառույթ կարող է իրականացնել համապատասխան նախարարության համապատասխան վարչությունը: Չնայած մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Հայաստանը շարունակում է այս ծրագիրը պահել իր օրակարգում և ջանքեր է գործադրում ներդրումներ հայթայթելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ծրագիր է:

Հետևաբար, նրա խոսքով՝ ամենասնանկ պայմաններում իսկ ծրագիրը պետք է պահենք մեր օրակարգում: «Այն չափազանց կարևոր է մեզ համար, կարևոր է՝ մեր հակառակորդների վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, և չափազանց կարևոր է նաև իրանցիների համար: Իրանը, նախագահի մակարդակով, Երևանում հայտարարեց, որ այս ծրագիրն իրատեսական է: Ծրագրի միակ խնդիրը ֆինանսների հայթայթումն է, իսկ դա եթե այսօր չի հաջողվում, ապա դեռևս չի նշանակում, թե վաղը չի հաջողվի իրականացնել: Մանավանդ, որ ըստ մասնագետների՝ հնարավոր է ավելի փոքր գումարների շրջանակում էլ իրականացնել ծրագիրը»:

Իրանագետը չափազանց կարևոր է համարում նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը. «Եթե այն հաջողությամբ իրականացվի, ապա Իրանն իր բեռնափոխադրումների հսկայական մասը կիրականացնի ՀՀ տարածքով, որովհետև իրանցիների համար՝ թե՛ անվտանգության առումով, թե՛ տարածաշրջանային մրցակցության առումով, թե՛ պատժամիջոցների ընթացքում որդեգրած քաղաքականության հետևանքով, ամենևին ձեռնտու չէ շարունակել թուրքական ուղու օգտագործումը՝ սեփական բեռնափոխադրումներն իրականացնելու համար: Սա չի նշանակում, թե իրանցիները մեզ են դիտարկում ՝ որպես միակ, բացառիկ և անկրկնելի գործընկերն այս տարածաշրջանում: Իրանցիները փորձում են մեզ հետ վարել մի քաղաքականություն, որը միտված է Հայաստանի հզորացմանը: Սա նախ և առաջ՝ ուղղված է Իրանի շահերին, և նրանք հնարավորություն են տեսնում Հարավային Կովկաս վերադառնալ վստահելի գործընկերոջ՝ Հայաստանի միջոցով, և այս տեսանկյունից գործընթացը պետք է հնարավորինս արագացվի նաև մեր կողմից»:

Իրանագետի կարծիքով՝ այս ծրագրերը պետք է հռչակվեն ռազմական կարևորության ծրագրեր, որոնց իրականացումը, ըստ նրա՝ Հայաստանին կբերի ոչ միայն տնտեսական օգուտներ, այլ նաև դուրս կբերի շրջափակումից:

Տեսանյութեր

Լրահոս