«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունը վերջնական տեսքի բերելն ու ավարտելն էական իրադարձություն կլինի 2017 թ. համար». Պյոտր Սվիտալսկի
«2017թ. երեք փաստաթղթերի ուղղությամբ առաջընթացը կարող է նոր որակ հաղորդել ՀՀ-ԵՄ հարաբերություններին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով 2017 թվականին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ծրագրերին ու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը։ Դեսպանը նշեց, որ 2017 թվականից ակնկալում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձևավորված դրական պահը, այս դրական շարժընթացը կպահպանվի և նոր մակարդակի կբարձրանա։
«Շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարը բավական լավատեսական է, մենք իսկապես բանակցությունների վերջին փուլերում ենք, շատ ծանր աշխատանք է իրականացվում թե՛ մեր հայ գործընկերների, թե՛ բրյուսելյան իմ գործընկերոջ կողմից։ Թեպետ մենք այսօր հստակ ամսաթվի մասին չենք կարող խոսել, ես կարծում եմ, որ բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելը, ավարտելն էական իրադարձություն կլինի 2017 թվականին»,- հստակեցրեց Սվիտալսկին։
Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպական կողմն ակնկալում է, որ վերջնական տեսքի կբերվեն և ավարտին կհասցվեն գործընկերության առաջնայնությունների քննարկումները, դրանք կձևակերպվեն քաղաքականապես պարտադիր փաստաթղթում, որում կամրագրեն ՀՀ-ԵՄ առաջնահերթությունները հարևանության քաղաքականության շրջանակներում, դրանով կձևակերպվեն ՀՀ-ԵՄ համագործակցության ուղենիշները։
Նրա փոխանցմամբ՝ այդ քննարկումը սկիզբ առավ մի քանի ամիս առաջ, երբ ԵՄ հատուկ առաքելություն ժամանեց Հայաստան։ «Մենք շատ կառուցողական արձագանք ենք ստացել հայկական կողմից և հուսով ենք, որ մոտակա շաբաթներին և ամիսներին գործընկերության առաջնահերթությունների բանակցությունները ևս ավարտին կհասցվեն։ Մենք նաև ակնկալում ենք, որ վերջնական տեսքի կբերվի, ավարտին կհասցվի Օժանդակության միասնական շրջանակի նոր քննարկումները»,- ասաց դեսպան Սվիտալսկին՝ շարունակելով, որ անհամբեր սպասում են, որ դրական դինամիկան կշարունակվի այս տարի։
Բանախոսի վստահեցմամբ՝ այս քայլերը կարող են նոր որակ հաղորդել ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Պյոտր Սվիտալսկին անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ գերակա ուղղություններին՝ ասաց, որ դրանք հինգն են։
«Առաջինը՝ ընտրական գործընթացը։ ԵՄ-ն բավական լուրջ օժանդակություն, բավական լուրջ գումարային տեսքով աջակցություն է հատկացրել այդ նպատակին, ուստի գալիք համապետական ընտրությունը մեր ուշադրության կիզակետում է գտնվելու։
Երկրորդը՝ մենք ցանկանում ենք շարունակել քննարկումները ՀՀ-ում բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ, քննարկումներ Կառավարության, քննարկումներ բիզնես կազմակերպությունների, հատկապես եվրոպական Բիզնեսների միության հետ, բիզնես միջավայրի բարելավումը նոր կառավարության ուղենիշերից մեկն է նաև։
Երրորդ առաջնահերթությունը նախկինի նման մնալու է համագործակցությունը և աջակցությունը, որը ցուցաբերում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Ինչպես գիտեք, ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 15 միլիոն եվրո կոռուպցիայի դեմ պայքարի համար, և մենք պատրաստ ենք միասին աշխատել, որպեսզի շոշափելի արդյունքներ տեսանելի լինեն բնակչությանն այս համատեղ գործունեության շրջանակում։
Չորրորդ՝ կարևոր է լինելու մարդու իրավունքների հետ կապված բյուջետային օժանդակության պայմանագրի ձևակերպումը։ Հինգերորդը մեզ համար լինելու է քննարկումը, թե ինչպես կարող ենք ամրապնդել պետական համակարգի անկախությունը»,- մանրամասնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Վերջինս ասաց, որ անցյալ տարին բազմազբաղ, բայց հաջողված տարի էր։
«Մենք շատ դրականորեն ենք գնահատում այն աշխատանքը, որն արվում է մեր գործընկերների հետ միասին, նրանց մասնագիտական կարողությունները, բաց մոտեցումը, կառուցողական ոգին, որը նկատվում է մեր ամենօրյա շփումների ընթացքում»,- ասաց Սվիտալսկին։