Բաժիններ՝

«Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ աշխատանքին չեն աշխատելու»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 23-ին հանդիպել է Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով  բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման  ժամանակավոր կարգը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու և այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար,  որոշակի ճշգրտված ձևաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը  կիրականացվի   քաղաքացիների բժշկասոցիալական  փորձաքննություն:

«Անցումային փուլում 27 տարածքայիններից կձևավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների  ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն  պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»,- նշել է  նախարարը:

Քաղաքացիների հետ շփման համատեքստում, նախարարը  ընդգծել է, որ  աշխատանքը գնահատելիս՝  քաղաքացիների հետ վարվեցողությունը համարվելու է ոչ պակաս կարևոր գործոն, քան որոշման ճշգրիտ կայացումը: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր քաղաքացիների հետ իրենց շփումներում որևէ  կերպ թույլ կտան սոցիալական աշխատողին ոչ հարիր վարվեցողություն՝ կկրեն ամենախստագույն պատիժը, որը կարող է սահմանված լինել նման դեպքերի համար»,- շեշտել է Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները  և քաղաքացիներին  հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:

«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ  համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը:  Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ  հանդիսանալու է  կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով, որ հաշմանդամության  սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի  «հաշմանդամություն ունենալն» ու  «հիվանդ լինելը»:

«Մենք աշխատելու ենք  արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ  աշխատանքին չեն աշխատելու:  Զուգահեռաբար մենք կադրերի բանկ ենք ձևավորում, կան տրված հանձնարարականներ, ունենք նաև պայմանավորվածություններ  Սանկտ Պետերբուրգի համապատասխան ինստիտուտի  հետ,  և  համապատասխան մասնագետների միջոցով իրականացվելու են  բժիշկ-փորձագետների շարունակական ուսուցում և վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ոլորտը  համակարգող նախարարի տեղակալին և մյուս պատասխանատուներին տրվել  է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ և շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների և դրանց լուծման արդյունքների մասին:

«Շուրջ 75000 քաղաքացի սպասարկող  բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն  ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից:  Այս իսկ պատճառով  բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս