«Հայաստանի Ճարտարապետների պալատն իր վրա կվերցնի ոլորտի ծանր բեռը». ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյան
Հայաստանը վերջին երկիրն է, որ ճարտարապետության ոլորտում դեռևս խորհրդային համակարգի օրենքներով է շարժվում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ճարտարապետների միության (ՃՄ) վարչության անդամ Սաշուր Քալաշյանը՝ խոսելով Ճարտարապետական գործունեության մասին նոր օրենքի նախագծի մասին, որի ընդունումը հիմք կհանդիսանա ստեղծելու համար Հայաստանի Ճարտարապետների պալատը, և որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Կառավարության հավանությանն էր արժանացել, ոչ միանշանակ քննարկումների առիթ տվել:
Նոր օրենքի առնչությամբ հնչած կարծիքների համաձայն, ինչպես նաև որոշ մասնագետների հավաստմամբ, այն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ասուլիսի մասնակից, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այս մասին այլ կարծիք ունի՝ միաժամանակ չժխտելով, որ Ճարտարապետների պալատը Ճարտարապետների միության ժառանգորդն է.
«Ցանկացած ոլորտ պետք է կանոնակարգվի օրենքով: Ճարտարապետների պալատի ստեղծումն այսօր արդեն անհրաժեշտություն է: Սա մի օրենք է, որը կկարգավորի ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ, ինչպես նաև կլուծի ճարտարապետների հետագա կրթության խնդիրները: Միաժամանակ Պալատը կկարողանա իր վրա վերցնել ոլորտի ծանր բեռը, մի բան, որ բարդ է հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Ճարտարապետների միության համար»:
Ասուլիսի բանախոս Սաշուր Քալաշյանը հավելեց, որ նոր օրենքով փորձ է արվում տեղայնացնել ֆրանսիական փորձը, այլ կերպ ասած՝ Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի հիմքում ֆրանսիական օրենսդրությունն է.
«Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս պատվիրատուից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կամայականություններից զերծ պահել ճարտարապետի իրավասություններն ու անկախության հարցը, ինչպես նաև ճարտարապետը պարտավորություն է վերցնում իր անելիքների համար, ինչը նախկինում պարզապես անհնար էր դառնում: Մենք տեսնում ենք ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնում էինք դրանց մասին, աղմուկ էինք բարձրացնում, բայց այսքանով ճարտարապետի «առաքելությունը» ստեղծված իրավիճակներում սահմանափակվում էր»:
Ասուլիսի մասնակից, Ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանն էլ վստահ է, որ նոր օրենքի շահագործման դեպքում ճարտարապետը չի դառնա կառուցապատողի կամայական քմահաճույքների կատարողն ու ստրուկը:
Տեղեկացնենք, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
Ըստ այդմ՝ ֆիզիկական անդամակցության հիման վրա ստեղծվող Ճարտարապետների պալատն իրականացնելու է, մասնավորապես՝ ճարտարապետների արտոնագրում, հաստատելու է էթիկայի կանոնները, վերահսկելու է դրանց կատարումը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է` ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից, որի արդյունքում ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում:
Մանրամասները՝ տեսանյութում: