ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության առթիվ և կոչ արել վճռական քայլեր ձեռնարկել հայամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Հայկական ժառանգությամբ ԱՄՆ քաղաքացիների և ողջ ԱՄՆ տարածքից Հայաստանի բարեկամների անունից ցանկանում ենք աշխատել նախագահ Թրամփի հետ մեր երկրի համաշխարհային առաջնորդության համար այս առանցքային պահին` նոր գաղափարներ և էներգիա բերելու համար հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության մեջ:
Պետք է ամրապնդենք հայամերիկյան հարաբերությունները և կրկին հզորացնենք բարեկամությունը, որը շարունակաբար կապել է մեր երկու ժողովուրդներին»,-ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
Առաջարկված համագործակցության հիմնական ուղղություններն են Հայոց ցեղասպանության հիշատակում, Կովկասում երկարատև խաղաղության հաստատում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) անկախության ճանաչման և աջակցման միջոցով, հայ ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործակցության զարգացում:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20ին Վաշինգտոնում:
Երդման արարողության ներկա էր գրեթե ողջ ամերիկյան քաղաքական էլիտան: Մի շարք դեմոկրատ սենատորներ և կոնգրեսականներ հրաժարվել էին մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը:
Ներկա էին նաև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և գործող նախագահ Բարաք Օբաման` կանանց հետ: Բիլ Քլինթոնին ուղեկցում էր ընտրություններում պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվել արարողությանը:
Նոյեմբերի 8ին ԱՄՆում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227:
Այնուամենայնիվ, քաղաքացիների ուղիղ ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել է Քլինթոնը` շուրջ 66 միլիոն ձայն կամ 48.2 տոկոսը, իսկ Թրամփը հավաքել էր շուրջ 3 միլիոնով պակաս` շուրջ 63 միլիոն կամ 46.1 տոկոս:
Ընտրիչների քոլեջի և քաղաքացիների ձայների նմանատիպ տարբերակում վերջին անգամ արձանագրվել է 2000թին, երբ թեկնածուներն էին հանրապետական Ջորջ Բուշ կրտսեր և դեմոկրատ Ալ Գորը: