«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է համագումարի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է համագումարի։ Ենթադրվում է, որ այդ համագումարի ժամանակ էլ հենց կհայտարարվի կուսակցության ղեկավարի տեղափոխման մասին, և Նաիրա Զոհրաբյանը կրկին Գագիկ Ծառուկյանին կփոխանցի ԲՀԿ-ի ղեկը։ Այդ համագումարի ժամանակ էլ, թերևս, կհստակեցվի «Ծառուկյան դաշինքի» կազմը։ Մինչ այդ ԲՀԿ-ականներն իրենց հնարավոր դաշնակիցների մասին լռում են։ Հունվարի 18-ին Գ. Ծառուկյանի հրավիրած աշխատանքային հանդիպումից առաջ ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել էր, որ քննարկվելու է նաև դաշինքի հարցը։

168.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի վերջո ո՞ր ուժերն են մտնելու Գ.Ծառուկյան դաշինքի մեջ։ «Կուսակցության ղեկավար տիկին Զոհրաբյանը մեզ բոլորիս, առանձնապես ինձ, արգելել է մինչև համագումար հարցազրույց տալ»,- պատասխանեց Խաչատրյանը։ Թե ե՞րբ է կայանալու ԲՀԿ համագումարը, դեռևս հստակ որոշված չէ։

Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դաշինքի շուրջ քննարկումները տարբեր քաղաքական գործիչների, անհատների հետ անընդհատ ռեժիմով ընթացքի մեջ են, արդյունքների մասին կլինի հայտարարություն։ Արդյո՞ք այդ հանդիպումներին մասնակցում են նաև ՀԱԿ-ը կամ ԲՀԿ-ից նախկինում հեռացած ուժերը, Տոնոյանը հրաժարվեց որևէ ուժի մասին առանձին խոսել, կամ էլ մերժվածների «սև ցուցակը» հրապարակել։ Նա հավելեց, որ «Ծառուկյան դաշինք» անվանումը ևս դեռ վերջնական պաշտոնական անվանում չէ և հայտարարված չէ։

ԲՀԿ-ն գլխավորելու մասին, ըստ Տոնոյանի, Ծառուկյանը դեռ մտածում է. «Երբ որոշումը կլինի, կհայտարարենք»։

Տեսանյութեր

Լրահոս