Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ե. Հովհաննիսյանին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
2015թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23:15-ին, ավտոպատահարից անմիջապես հետո, «Գանգուղեղային փակ տրավմա, աջ ականջախեցու աջակողմյան պնևմոթորաքս, տրավմատիկ շոկ, վիճակը ծանր» ախտորոշմամբ Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Ս.Գասպարյանը և ենթարկվել կլինիկական, գործիքային հետազոտությունների։
Նախնական քննության ընթացքում ձեռնարկված բազմաթիվ քննչական գործողությունների, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հոսպիտալում իրականացված հետազոտությունների արդյունքում անամնեստիկ տվյալների և հիվանդի օբյեկտիվ վիճակի համակցությունը պարունակել է բավարար ցուցումներ որովայնահատման իրականացման համար, սակայն նշված պայմաններում Ե.Հովհաննիսյանը ճիշտ չի գնահատել Ս.Գասպարյանի օբյեկտիվ վիճակը, պատշաճ կերպով չի իրականացրել անհրաժեշտ բուժական-ախտորոշիչ միջոցառումները, ժամանակին չի կազմակերպել վիրահատական միջամտությունը՝ որովայնահատում, պատռվածքների կարում, փայծաղի հեռացում, որը հնարավորություն կտար կանխելու շոկային վիճակի ծանրագույն հետևանքները։ Տուժողը հաջորդ օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ թեև ենթարկվել է որովայնահատման՝ պայմանավորված ներքին արյունահոսության դադարեցմամբ, սակայն ժամանակին չկանխված տրավմատիկ, արյունահոսական շոկի երևույթների խորացումը հանգեցրել են ներքին օրգանների անդառնալի փոփոխությունների, ի վերջո՝ զարգացող բազմաօրգանային անբավարարությանը, որի հետևանքով Ս.Գասպարյանը 2015թ. ս եպտեմբերի 11-ին մահացել է:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ե.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: