«Տիկին Բախշյանը, իհարկե, առանցքային դեմք է եղել». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանի՝ կուսակցությունը լքելուց հետո կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Անահիտ Բախշյանը երբեք կուսակցության առանցքային անդամ չի եղել, նրան հարգել են տարիքի և ամուսնուն կորցրած լինելու համար:
168.am-ն այս հարցի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։ Ի պատասխան՝ նա ասաց, որ չի կիսում Ս. Մուրադյանի կարծիքը.
«Տիկին Բախշյանը մեր հարգելի կուսակցական ընկերն է եղել, իհարկե, առանցքային դեմք է եղել, բայց իր՝ կուսակցությունից դուրս գալու պատճառները, որ ինքը նշում է, ես դրա հետ համաձայն չեմ, եթե ինքը հետագայում կցանկանա իրական պատճառներն ասի, թող ասի, ես խնդիր չեմ տեսնում։ Պատգամավորն ինչպե՞ս կարող է առանցքային դեմք չլինել, ես այդ հարցով համաձայն չեմ տիկին Մուրադյանի հետ։ Բայց դա էլ չի նշանակում, որ Տիկին Բախշյանի դուրս գալով՝ «Ժառանգությունը» քանդման եզրին է, նախկինում էլ եղել են հանրաճանաչ դեմքեր, որոնք դուրս են եկել, ու որևէ խնդիր չի եղել»։
Երեկ «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ կուսակցությունում դեռ 2013 թվականից եղել է այն վեճը, ինչն այսօր կա.
«Կուսակցության մի թևը, որը մեծամասնություն էր, և որի ներկայացուցիչներն էին Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, հանուն իշխանափոխության՝ պատրաստ էին համագործակցել ցանկացածի հետ, գնալ ցանկացած եղանակի: Ես և Անահիտ Բախշյանը դեմ ենք եղել այդ մոտեցմանը, այն ժամանակ դա քառյակի ֆորմատն էր, ասում էինք, որ դա իրատեսական չէ: Անցել է 3.5 տարի, ու «Ժառանգությունում» նույն վիճակն է»։
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանուն իշխանափոխության իրենք պատրա՞ստ են յուրաքանչյուրի հետ համագործակցել։ Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ Ստեփան Սաֆարյանին որևէ ձևով չի ուզում մեկնաբանել։