Բաժիններ՝

Ըստ զեկույցի՝ 2016թ․ ընթացքում Արարատի մարզի տարածքում գրանցվել է 676 արտակարգ դեպք

Մարզային փրկարարական վարչությունն ամփոփում է տարին:

Օրերս ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը, որին ներկա էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ, մարզում տեղակայված ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Ներկաները նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:

Ներկայացնելով 2016 թվականին կատարված աշխատանքները՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանն առանձնացրեց իրենց գործունեության հիմնական ուղղությունները. քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով բնակչության ուսուցումը, արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցումը և դրանց հետևանքների մեղմացումը, ինչպես նաև՝ փրկարարական ուժերի պատրաստականության ապահովումը։

Զեկույցում նշվեց նաև մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորված և անցկացված շտաբային ուսումնավարժությունների, հատուկ տակտիկական և ցուցադրական ուսումնավարժությունների, ինչպես նաև՝ օբյեկտային վարժանքների մասին: Բոլոր վարժանքները ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարարհարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Ըստ զեկույցի՝ 2016թ․ ընթացքում Արարատի մարզի տարածքում գրանցվել է 676 արտակարգ դեպք (2015թ․՝ 810), որոնց հետևանքով զոհվել է 19 (2015թ․՝ 16), մարմնական վնասվածքներ ստացել 345 մարդ (2015թ․՝ 403):

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետն անդրադարձավ նաև կապի ազդարարման համակարգի, կանխարգելիչ միջոցառումների, նյութատեխնիկական ու իրավական ապահովման, պլանների և ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

2016թ. ՀՀ ԱԻ նախարարի և այլ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար տասնյակ հրշեջ-փրկարարներ պարգևատրվել են պատվոգրով ու մեդալով, արժանացել խրախուսման: Արարատի հակակարկտային կայանի պետ Ն. Գալստյանը 2016թ. ընթացքում կատարած աշխատանքների համար Քաղցրաշենի և Հնաբերդի համայնքների ղեկավարների կողմից պարգևատրվեց շնորհակալագրերով:

ՀՀ ԱԻՆ Արարատի ՄՓՎ կողմից 2016 թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների մասին առանձին զեկույցներով հանդես եկան մարզային ստորաբաժանումների՝ Արարատի մարզային հիդրոօդերևութաբանական ծառայության, ինչպես նաև՝ այլ ծառայությունների պետերը։
Հաշվետվության ավարտին Արարատի մարզպետի տեղակալ Ա. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց վարչությանը կազմակերպված ու նվիրված աշխատանքի համար՝ հպարտությամբ նշելով, որ 2016 թ.-ի ընթացքում Արարատի ՄՓՎ-ն կատարել է զգալի աշխատանք, և արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները պայմանավորեց համատեղ ու փոխհամագործակցված աշխատանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս