Հայերի տառապանքները մոռացված չեն. Օզդեմիրը ստացել է «Ազատության մրցանակը»
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բեռլինում Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին է հանձնել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի շնորհած «Ազատության մրցանակը»:
Մրցանակն Օզդեմիրին շնորհվել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում նրա գործադրած ջանքերի համար:
Բեռլինում մրցանակը Բունդեսթագի պատգամավորին է հանձնել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Պատիվ ունեմ: Հայերի տառապանքները մոռացված չեն», նշել է Օզդեմիրը:
Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող եւ ՄԱԿում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլք։