«Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել». Հրանուշ Հակոբյան
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` Թուրքիան 10 տարի անց էլ շարունակում է իր տաբուները, իր կարծրատիպերը, արգելում մարդկանց ազատ խոսքը: «Թուրք իշխանավորները պետք է հասկանան, որ Գարո Փալյանի կողքին է ողջ հայ ժողովուրդը, միջազգային հանրությունը, մտավորականները: Այսօր սպանելով Դինքին, նրանք կարծում էին, որ կսպանեն Հրանտ Դինքի մտքերը, սակայն ծնվեցին հազարավոր Հրանտներ»,- ասաց նա:
Հրանուշ Հակոբյանի խոսքով` Թուրքիայում բոլորն էլ խոսում են ցեղասպանության մասին, մասնակցում ապրիլի 24-ի հետ կապված ցույցերին: «Թուրքիայի իշխանություններին չի հաջողվի լռեցնել այն մեծ եւ ահագնացող շարժումը` Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը նաեւ Դանիայի խորհրդարանում է քննարկվելու եւ շարունակական է լինելու այնքան, մինչեւ Թուրքիան կառերեւսվի իր իրականությանը»,- հավելեց սփյուռքի նախարարը: