«Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել հակամարտող կողմերին՝ հասկացնելով, որ իրեն ձեռնտու չէ որևէ կողմի հաղթանակը». Մալաշենկո
«Հակամարտող կողմերին զենք վաճառելու ռուսական քաղաքականությունը չի փոխվի»,- 168.am-ի հետ զրույցում նման պնդմամբ հանդես եկավ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական բանակցություններին սպառազինության նոր գործարքների շուրջ։
Նշենք, որ RIA Novosti-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ասել է, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ՝ հետաքրքրված լինելով պաշտպանության նորագույն համակարգերով։
«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ։ Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը։ Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենանորագույն պաշտպանական սպառազինությամբ, նոր մշակումներով։ Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանական համակարգերին, ողջ համալիրին»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նոր պայմանագրերի հեռանկարները սպառազինության ոլորտում «լավն են»։ «Դուք գիտեք պատմությունը, թվերը բարձրաձայնվել են, ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասն արդեն իրականացվել է»,- նշել է Ալիևը։ Հիշեցնենք նաև, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս հրապարակային դժգոհություն են հայտնել ՀՀ ռազմավարական դաշնակցի վարած այս քաղաքականության վերաբերյալ։
Ալեքսեյ Մալաշենկոն արդարացված է համարում հայ հասարակության, իշխանության շրջանում այս հարցի առնչությամբ առկա դժգոհությունը։ Սակայն, ըստ նրա՝ Ռուսաստանը չի ստանձնել պարտավորություն որևէ երկրի զենք չվաճառելու վերաբերյալ, հատկապես, երբ այս հակամարտության գոտում հակամարտող երկրներին զենքի վաճառքը ռուսական քաղաքականության էությունն է, հատկապես, երբ այս ոլորտում բիզնեսից Ռուսաստանը մեծ գումարներ է շահում։
«Ռուսաստանը մշտապես է զենք վաճառել հակամարտող կողմերին՝ դրանով իսկ փորձելով առավելություն չտալ որևէ կողմին, միևնույն ժամանակ հասկացնելով, որ իրեն ձեռնտու չէ որևէ կողմի հաղթանակը։ Ռուսաստանն այս դեպքում առաջնորդվում է իր ազգային շահերով, այդ շահը Հարավային Կովկասում ռուսական ներկայության պահպանումն է, ինչո՞ւ ոչ, նաև ամրապնդումը։ Կրկնում եմ, որ ես հասկանում եմ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում առկա դժգոհությունը, հակամարտող երկրների դեպքում դա բնական է, բայց դա ոչինչ չի փոխելու ռուսական քաղաքականության մեջ»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ իր այդ քաղաքականության հետևանքները չեզոքացնելու նպատակով Ռուսաստանը փորձում է ամրապնդել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, քանի որ ՀԱՊԿ-ն պատասխանատու է այդ անվտանգության համար։
«Մի շարք միջոցառումների ականատեսը մենք դարձանք ապրիլյան պատերազմից հետո՝ կովկասյան ՀՕՊ համակարգ, հայ-ռուսական համատեղ զորախումբ, հզոր զինատեսակներ Հայաստանին արտոնյալ պայմաններով, քանի որ ապրիլյան պատերազմը բացահայտեց որոշակի խոցելիություն հայկական կողմում։ Սա հաշվի կառնվի, սակայն ռուսական քաղաքականության սկզբունքները մեծապես չեն փոխվի։ Ես դրանում արտառոց ոչինչ չեմ տեսնում։ Ինչպես պնդում են ՌԴ իշխանությունները, եթե զենք չվաճառի Ռուսաստանը, կվաճառի մեկ այլ երկիր»,- նկատեց Ալեքսեյ Մալաշենկոն։