«Բավականին ռիսկային է ՀԱԿ-ի վիճակը». Ստեփան Սաֆարյան
«Ընտրություններին միայնակ մասնակցող քաղաքական ուժերից բոլորի համար էլ ռիսկեր կան տարբեր չափերով և բնույթի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ «Հայկական վերածնունդն» այն կուսակցություններից է, որ շատ ավելի մշտական ռեժիմով է կուսակցաշինության վրա աշխատում, քան մյուսները. «Վանաձորի ընտրությունները դրա ապացույցն էին՝ հակառակ բազում կանխատեսումների։ Ես գրեթե համոզված եմ, որ, միգուցե դժվարությամբ, բայց այդ կուսակցությունը, դատելով էլեկտորատի հետ աշխատելու իր մեթոդներից և փորձից, իր կուսակցական ակտիվին ձևավորելու ավանդույթներից, կարող է դիտարկվել՝ որպես խորհրդարան անցնելու հավակնորդներից մեկը»։
Ս. Սաֆարյանը կարծում է, որ այս պահին բավականին ռիսկային է ՀԱԿ-ի վիճակը. «Որովհետև այն, ինչ նա հաղթահարեց 2012-ին, դա դեռևս հեղափոխական ալիքի իներցիայի վրա էր, երբ տակավին Ազատության հրապարակը վերահսկում էր Տեր-Պետրոսյանը, երբ այդ ցուցակում էին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և այլք։ Այսինքն՝ նրանք, ովքեր այսօր այնտեղ չեն և առանձին են հանդես գալիս։ Միգուցե ՀԱԿ-ում կան պայծառ, լուսավոր, պայքարող մարդիկ՝ առաջադրելու այդ ռեյտինգային ընտրակարգով նվազագույն 5-ը, բայց ի նկատի ունենանք, որ այս ընտրություններն առանձնահատուկ են լինելու հետևյալ իմաստով՝ լավագույն ելքը կարող ես ակնկալել այն ժամանակ, երբ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թկնածուները, որոնք անձնական ֆակտորն են բերում, բավական սինքրոն և սիներգիկ վիճակի մեջ լինեն կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակի անունների հետ։ Այսինքն՝ եթե երկու տեղերում էլ դու ուժեղ անուններ ես դնում, այդ դեպքում հաջողության շանսերը մեծ են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։