«Մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա, և, բնականաբար, սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան». Շավարշ Քոչարյան
«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի այնտեղ գործի ԵԱՀԿ գրասենյակը, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությանը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես՝ ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու՝ Ադրբեջանի պահանջի նկատմամբ:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այդ թվում՝ բյուջեն, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ սպառնալով արգելափակել բյուջեն, եթե իր պահանջները չկատարվեն: Շ.Քոչարյանը հիշեցրեց, որ նախկինում Ադրբեջանը ևս կիրառել է նման շանտաժ. «Այսպիսի մի դեպք էլ եղավ, երբ ժամանակին կար համաձայնություն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ: Այդ նպատակի համար ԵԱՀԿ բյուջեին գումար էր տրամադրվում, բայց Ադրբեջանը տապալեց գործընթացը»:
Փոխնախարարի խոսքով՝ իրավական դաշտում խնդիր կա, բայց կան նաև այլ լծակներ՝ ազդելու այն պետության վրա, որն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից։ Շ.Քոչարյանը նշեց, որ մեղմ մոտեցումներով Ալիևին չի կարելի բերել կառուցողական դաշտ, և սիրաշահելով, հավասարության նշան դնելով՝ չի կարելի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունենալ առաջընթաց։
«Մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա, և, բնականաբար, սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան»,- ասաց Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ հայկական պետությունները չեն ձգտում լայնածավալ գործողությունների, բայց և չեն վախենում դրանցից։
Մանրամասները՝ տեսանյութում: