Բաժիններ՝

Ռուսաստանից եկավ հայրենիքը պաշտպանելու. այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Հավասարակշռված, բարի ու անչափ հոգատար. այսպես է հերոսին բնութագրում քույրը՝ Ալիսա Հակոբյանը:

«Իմ ավագ եղբայրն է Ռաֆիկը, շատ-շատ մտերիմ էինք իրար հետ: Եթե ես կամ թեկուզ մեկ ուրիշը ինչ-որ բանի կարիք ունենայինք, անմիջապես օգնության էր հասնում: Ճշտապահ էր, սիրում էր ամեն ինչ ժամանակին անել. ակտիվ էր, սիրում էր զբաղվել սպորտով, քանդակագործությամբ: Մինչ բանակ գնալը աշխատում էր, մտածում էինք՝ կծառայի, կգա, միասին մի գործ կհիմնենք, դեռ չէինք որոշել, թե ինչ, բայց Ռաֆիկն ուզում էր Սանկտ Պետերբուրգում փոքր սրճարան բացել, միասին գործը առաջ տանեինք»,-«Արմենպրես»-ի հե տ զրույցում պատմում է քույրը:

Ռաֆիկի ընտանիքը դեռեւս տարիներ առաջ ապրում էր Ռուսաստանում, սկզբում ծնողներն էին տեղափոխվել, այնուհետեւ, ութերորդ դասարանն ավարտելուն պես, Ռաֆիկը՝ քրոջ ու եղբոր հետ: Նա ցանկանում էր ծառայել Հայաստանում, և որոշումը վերջնական էր: 2014 թվականին զորակոչվում է բանակ:

«Երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, երբեք ինչ-որ խնդիրների մասին չէր խոսում: Շատ ուրախ անցկացրել էր 20-ամյակը, որը նշել էր իր հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի  ծննդյան օրվա հետ»:

Հենց դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հետ էլ Ռաֆիկը հերոսաբար պայքարել, պաշտպանել է դիրքն ու զոհվել: Այժմ Հակոբյանների ընտանիքը Հայաստանում է բնակվում, Ալիսայի խոսքով՝ դեռեւս չեն որոշել՝ մնալո՞ւ են այստեղ, թե վերադառնալու են Սանկտ Պետերբուրգ:

Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում մեծացած հերոսի մանկության ընկեր, համադասարանցի Հմայակ Մակարյանն էլ հիշում է, որ Ռաֆիկը միշտ խելոք նստում էր դասերին, չէր սիրում աչքի ընկնել: «Նրա հետ կապված ամեն բան հիշում եմ՝ մեր խաղերը, դասերը: Անչափ հանգիստ, մաքուր սիրտ ունեցող տղա էր, համբերատար ու կամեցող: Միասին միշտ կապ ենք պահպանել նույնիսկ Ռուսաստանում եղած ժամանակ, բանակում: Շատ էր ուզում գալ, այստեղ ծառայել:  Միշտ էլ ընկերներով մտածել ենք, որ սա մեր հայրենի հողն ու ջուրն է, մեզնից բացի ոչ ոք այն չի կարող պաշտպանել: Ռաֆիկն այդպես էլ արեց»:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս