«Թրամփի և Պուտինի միջև դաշինքը աշխարհի վերջն է». Մանուել Վալս
Ֆրանսիայի նախկին վարչապետ և երկրի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու Մանուել Վալսը արձագանքել է Եվրամիության վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
»ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև նման բան երբեք տեղի չի ունեցել։ Ամերիկան Եվրոպայի դաշնակիցն է և անհրաժեշտ է, որպեսզի նորընտիր նախագահը դա ցույց տա»,- հայտարարել է Վալսը ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ շատերը կարծում էին, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփը կհանգստանա, «սակայն պոպուլիստը ցանկանում է կյանքի կոչել իր ծրագիրը»։
«Այն, ինչ նա հայտարարել է, սադրանք է, դա Եվրոպային պատերազմի հայտարարություն է։ Նա առաջարկում է Եվրոպայի մասնատումը։ Պետք չէ մոռանալ հյուսիսատլանտյան դաշինքի, պաշտպանության մասին։ Դա հատկապես կարևոր է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետը։
Վալսի խոսքով՝ «Թրամփի ու Պուտինի միջև դաշինքը աշխարհի վերջն է»։
Թրամփը Times-ին և Bild-ին տված հարցազրույցում հայտարարել էին, որ «եթե ԵՄ անդամները չստիպեին ընդունել ներգաղթյալների, Մեծ Բրիտանիան դուրս չէր գա ԵՄ-ից»։