Արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի. ԱԻՆ
Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 143 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաև, որ ծառայության բոլոր ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում՝ արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի, կգրանցվի առանց տեղումների եղանակ:
Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց Լոռու մարզում կապի և ազդարարման միջոցների տեղադրման մասին: Ս. Պետրոսյանը հայտնեց, որ Ստեփանավան քաղաքն ամբողջովին վերազինված է ազդարարման համակարգով, տարվում են աշխատանքներ անհրաժեշտություն ունեցող համայնքներում ծրագիրն իրագործելու ուղղությամբ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին: