Թրամփը խոստացել է Obamacare-ն փոխարինել «բոլորի համար ապահովագրությամբ»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է փոխարինել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխման նախագիծը՝ Obamacare-ն, «բոլորի համար ապահովագրությամբ»։
Նրա խոսքով՝ բժշկական ապահովագրության ծրագրի փոփոխության պլանը, որը ընդունվել էր Օբամայի նախագահության օրոք, գրեթե պատրաստ է։
Թրամփը հրաժարվել է հաղորդել բժշկական ապահովագրության նոր ծրագրի մանրամասները՝ նշելով, որ իր պլանը նախատեսում է «ավելի քիչ գումար և անհամեմատ քիչ ծախսեր»։
Թրամփը պատրաստվում է բժշկական ապահովագրության նոր ծրագիրը պաշտոնապես ներկայացնել ուրբաթ օրը՝ երդմնակալության արարողությունից հետո։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի դեղագործական ընկերությունների հետ դեղամիջոցների գները։
Նրա խոսքով՝ դեղագործական ընկերությունները մինչ օրս օգտվել են «քաղաքական պաշտպանությունից», սակայն դա այլևս տեղի չի ունենա։
Washington Post-ը նշում է, որ Հանրապետական կուսակցությունում դժգոհ էին Obamacare-ի պատճառով պետական ծախսերի ավելացումից։
Թրամփի գաղափարը համընդհանուր բժշկական ապահովագրության մասին, ըստ թերթի, նույնպես կարող է հարուցել հանրապետական կոնգրեսականների դժգոհությունը։