«Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ». Լուկիանով

«Համանախագահները մշտապես պահպանում են չեզոքությունը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում նշեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս տարածած հաղորդագրությանը:

Նշենք, որ հաղորդագրությունը քննադատությունների առարկա դարձավ հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից, քանի որ համանախագահներն ակնարկ էին ուղղել պաշտոնական Երևանին դեկտեմբերի 29-ին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին ադրբեջանական կողմին վերադարձնելու բովանդակությամբ:

Սա մի շարք փորձագետների կողմից որակվեց՝ որպես անհավասարակշիռ մոտեցում համանախագահների կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվերսիան կազմակերպվել էր ադրբեջանական կողմի կողմից, իսկ դիվերսանտը վնասազերծվել էր հայկական դիրքերին մոտ տարածքում:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ դրանում դժվար է միտում գտնել, առավել ևս՝ քննադատել համանախագահներին անհավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու մեջ: Լուկիանովի համոզմամբ՝ ավելին, նույնիսկ չափազանց ակնհայտ բախումների մեղավորներին միջնորդները փորձում են չմատնանշել՝ պահպանելով կողմերի մոտ իրենց հեղինակությունը, որն իր հերթին՝ ուղղված  է բանակցային գործընթացը պահպանելուն:

«Իմ համոզմամբ՝ ղարաբաղյան բանակցություններում ձևավորված ավանդույթներ կան, որը բոլոր երեք երկրների համանախագահները հիանալի  իրականացրել են. պահպանել են չեզոքությունը, համագործակցել են այս հակամարտության կարգավորման հարցում, չնայած տարաձայնություններին գլոբալ հարցերում, փորձել են ապահովել բանակցությունների շարունակականությունը:

Իմ տեղեկություններով՝ բանակցային գործընթացում երբեք տևական դադարներ չեն եղել, ինչը չենք կարող ասել ուկրաինական և սիրիական պատերազմների արդյունքում ծավալված բանակցությունների մասին: Սա պետք է գնահատել:

Խնդիրն այն է, որ ներկայիս իրավիճակի առաջին պատասխանատուները հենց հակամարտող կողմերն են, միջնորդները չեն կարող ճնշումներ բանեցնել, նրանց խնդիրն է՝ կողմերին կարգավորմանը մոտեցնելն ու շփման գծում կայունությունը պահպանելը»,- ասաց Լուկիանովը՝ վստահեցնելով, որ այս որակներն են պահպանել բանակցային գործընթացը տասնյակ տարիներ: Ռուս վերլուծաբանի կարծիքով՝ այս տարվա առաջին կեսին համանախագահները կփորձեն կազմակերպել նախագահական հանդիպում, ինչը կհաջողվի, քանի որ կողմերն այս անգամ լայնածավալ բախումների չեն դիմի:

Ըստ նրա՝ Ադրբեջանը նախահարձակ չի լինի, քանի որ ադրբեջանական ռեսուրսներն այս տարի շատ են պակասում և պակասելու, ինչը թույլ չի տալու միջոցներ ծախսել նոր պատերազմ սկսելու համար:

«Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը հակված է լինելու որոշ զիջումների բանակցային սեղանին, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է, որին այս կողմն այսօր պատրաստ չէ: Կարծում եմ, որ ներկայիս պայմաններում առավելագույն զիջումը բանակցությունները շարունակելը կլինի ամենաբարձր մակարդակում, կարգավորման հարցում զիջումների կողմերը դեռ պատրաստ չեն, թեև հայկական կողմն ամենաբարձր մակարդակով խոսում է զիջումների մասին: Վստահ չեմ, որ հայկական կողմը պատրաստ է այդ տարածքային զիջումներին: Ուստի կարծում եմ, որ իրավիճակը կրկին բեկումներ չի խոստանում, սակայն պատերազմ ևս չի սպասվում»,- նման համոզմունք հայտնեց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս