«Օրենքը պահող պաշտոնյայի օրինական պատասխան է». Էդուարդ Շարմազանովը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
«Օրենքը պահող պաշտոնյայի օրինական պատասխան է։ Ի՞նչ պետք է ասեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այսօր ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու մասին։
Կ.Կարապետյանը, հիշեցնենք, ասել է, որ վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապրել է Երևանից դուրս, և, եթե դա օրերի քանակի սահմանափակմանը չհամապատասխանի, ապա ինքը ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվի։
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ այսինքն՝ Կ.Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի կարող լինել, քանի որ պահանջված ժամկետում չի բնակվել Հայաստանում, Է.Շարմազանովը հորդորեց դիմել իրավաբաններին, քանի որ այդ հարցն իր իրավասության տիրույթում չէ։ Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդում կամ գործադիր մարմնում այդ հարցը չի քննարկվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն Կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Տ.Մուկուչյանն ընդգծել էր, որ օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: