«Խորհրդարանում չի լինի «Ժառանգություն» անունը…». Ստեփան Սաֆարյան
«Խորհրդարանական կառավարման է անցնում երկիրը, և նաև փոխվել է Ընտրական օրենսգիրք, որը բավականին բարձրացրել է ընտրություններում հաջողության հասնելու հավանականությունը, եթե չունես շատ մեծ ռեսուրսներ և հնարավորություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը, որոնք բավականին թուլացած են, գիտակցում են, որ եթե ոչ՝ շատ մեծ, ապա գոնե նվազագույն հաջողության հասնելու համար պետք է մեկտեղել ուժերը։ Մեր զրուցակիցը նկատեց, որ արդեն ականատես եղանք մեկ դաշինքի ստեղծմանը, որը «Ելք» դաշինքն է։
«Այս դաշինքը կարծես թե պատրաստվում է լուրջ այլընտրանք ներկայացնել իշխանության վարած քաղաքականությանը, քանի որ իրենց ստորագրած հռչակագրում բավական հետաքրքիր այլընտրանքային մոտեցումներ կային պետության մոդելի փոփոխության և արտաքին քաղաքականության իրականացման և այլ հարցերում։ Երկրորդ բևեռը, որ ձևավորվում է, կարծես թե ավելի պրոռուսական ուղղվածություն ունի։ Դա Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների բևեռն է։ Սա մի բևեռ է, որ քաղաքականության իրականացման հարցում լուրջ այլընտրանք չի կարող ներկայացնել, որովհետև դրա առանցքային դերակատարները եղել են իշխանության մեջ, նրանց կողմից ընդունված արտաքին քաղաքականության կոնցեպտներն այսօր էլ պահպանվում են։ Մեկ այլ դաշտ էլ կա, որ անորոշության մեջ է. խոսքը ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին է։ Որքան էլ հայտարարվի դրա հնարավորությունը, այնուամենայնիվ, չի ուրվագծվում Գագիկ Ծառուկյանի վերադարձը, բայց այս բևեռը, կարծես թե, էլի չի կարող այլընտրանքային համարվել՝ կրկին իմ կողմից վերը նշած պատճառներով»,- նշեց Ս. Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի կարողանում հստակեցնել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառել Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ Վարդան Օսկանյանը Մարտի 1-ին «կրակելու հրաման» չի տվել։ Մինչդեռ նույն կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասում է, որ «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ «Ժառանգություն» կուսակցությունը դաշինքի կգնա միայն մի դեպքում՝ եթե նրանք ընդունեն, որ մեղավոր են Մարտի 1-ի համար և ընտրություններից հետո կանգնեն դատարանի առաջ»։
Որպես «Ժառանգության» նախկին անդամ՝ Ս. Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում կուսակցությունում առաջացած այս հակասություններին։ Ի պատասխան՝ նա ասաց, թե ցավում է, որ իր նախկին կուսակցության մեջ նման բաներ են տեղի ունենում, առավել ևս մարդկանց միջև, որոնց հետ իրենք մի թիմ են եղել։
«Բայց սա ցույց է տալիս, թե ինչի է բախվում կուսակցությունը, երբ այն «ռելսերից գցվում է», կորցնում է իր տեղը, ֆունկցիան քաղաքական դաշտում։ Արդյունքում՝ «Ժառանգությունը» կորցրեց այն հրաշալի իմիջը, որն ուներ, չկատարեց այն ֆունկցիան, որն իրենից լավ որևէ մի կուսակցություն քաղաքական դաշտում չէր կատարում, արդյունքը լինելու էր այն, որ ընտրությունների նախաշեմին խնդիր է ծագելու՝ ինչպես պահպանել գոնե տեղը խորհրդարանում։ Եթե լուրջ քաղաքական կապիտալ չի ստեղծվել, բնականաբար, առաջ էր գալու՝ միանալ ուրիշների՞ն, տարրալուծվե՞լ ուրիշների մեջ, թե՞ գնալ առանձին, միայնակ, հպարտ, բայց գիտակցելով, որ հաջողությունը կարող է չժպտալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ս. Սաֆարյանի խոսքով՝ փաստարկների առումով Զ. Փոստանջյանը ճիշտ է, որովհետև «Ժառանգություն» կուսակցությունը դեռևս 2008-ից սկսած դրել է չափանիշներ Մարտի 1-ի, Ղարաբաղի խնդրի, ԵԱՏՄ-ի հետ կապված, ԵՄ-ին ինտեգրվելու հետ կապված, և այսօր միանալ մի դաշինքի, որն այդ գծի մեջ չէ, խնդիր է. «Քանի՞ գրոշ է արժենալու այն իշխանափոխությունը, եթե Ռուսաստանի նկատմամբ լոյալ այս իշխանություններին փոխարինելու ենք Ռուսաստանի նկատմամբ լոյալ մեկ այլ խմբով, և արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ չեն լինելու։ Հատկապես այդ դաշինքին մաս կազմելու մոտեցումներն ակնհայտորեն միայն փաստարկվում են զուտ իշխանափոխություն անելու հարցով»։
Միաժամանակ, Ս. Սաֆարյանը նաև չի կարծում, որ Զ. Փոստանջյանի պայմանները կարող են բավարարվել. «Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը Զարուհու պահանջով մեղա գան, հատկապես, երբ իրենք իսկապես առանցքային դերակատար են եղել Մարտի 1-ի գործողությունների ժամանակ և նաև պատասխանատվություն են կրել տարբեր տարիներին երկրի արտաքին և ներքին քաղաքականությունների համար։ Հետևաբար՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ այս դաշինքը կբավարարի Զարուհու առաջադրած կետերը։
Ցավալիորեն, այն երկու ելքը, որ մնում է «Ժառանգությանը», հաստատ լավագույնը չեն. միայանակ գնալու դեպքում շանսերը շատ ցածր են, դաշինքով գնալու դեպքում էլ «Ժառանգությունը» տարրալուծվում է և լավագույն դեպքում խորհրդարանում կարող է ունենալ մեկ, երկու տեղ և ոչ ավելին, և, բնականաբար, խորհրդարանում չի լինի «Ժառանգություն» անունը։ Երկու ճանապարհն էլ, որ «Ժառանգությունն» այս տարիների ընթացքում թողել է իր համար՝ ավելի շատ սպասարկելով այլ օրակարգեր, քան իր օրակարգը բերելով, ցավոք սրտի, այս երկու վատ ընտրությունն են թողել»։
Մեր այն հարցին էլ, թե՝ ըստ Ձեզ՝ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումն ավելի շատ Արմեն Մարտիրոսյանի՞, թե՞ Զարուհի Փոստանջյանի մոտեցմանն է մոտ, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց դատելով այն հայտարարություններից, որոնք արվել են և՛ Արմեն Մարտիրոսյանի, և՛ Զարուհի Փոստանջյանի կողմից, այն տպավորությունն է, որ, կարծես թե, Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանել է այն գիծը, որը Արմեն Մարտիրոսյանն է հրապարակել։ Չգիտեմ՝ ինչպես կլուծվի խնդիրը, այս պահի դրությամբ այն տպավորությունն է, որ քարոզարշավը դեռևս չսկսված՝ կուսակցության ներսում արդեն կրակի բոց կա»։