Բաժիններ՝

«ԵՄ-ն չի կարող ապահովել Կիպրոսում անվտանգությունը». Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը կիպրական հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը և Անկարան միասնական են այն հարցում, որ Թուրքիան պետք է պահպանի երաշխավոր երկրի կարգավիճակը, իսկ թուրքական զորքերի տեղակայումը կղզում պետք է շարունակվի»,- ասել է Չավուշօղլուն Ժնևում՝ Կիպրոսի հարցով միջազգային համաժողովի արդյունքներում։

Չավուշօղլուի խոսքով՝ հունվարի 18-ին բանակցային գործընթացի շրջանակում տեղի կունենա փորձագետների հանդիպում, որոնք կքննարկեն տեխնիկական հարցեր։ Թուրքական կողմին բանակցություններում ներկայացնելու է պատվիրակությունը, որը գլխավորելու է Թուրքիայի ԱԳՆ խորհրդականի տեղակալ Ահմեդ Մուխթար Գյունը։

«Բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել։ Երկխոսությունը պետք է վերսկսվի հունվարի 18-ին և կավարտվի նախարարների մակարդակով հանդիպմամբ»,- ասել է նա։
Մեկնաբանելով հունական կողմի առաջարկը, որ երաշխավորող երկրներին (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան) պետք է փոխարինի Եվրամիությունը, թուրք նախարարը հայտարարել է. «Հակամարտություններից ո՞րն է այսօրվա դրությամբ կարողացել կանխել ԵՄ-ն։ Ո՞վ է երաշխավորում այդ միության ապագան»։

Նա դարձյալ ԵՄ-ին մեղադրել է «երկակի ստանդարտների» մեջ։
«ԵՄ-ն, անկասկած, չի կարող ապահովել այդ կղզում անվտանգությունը։ Դա առաջարկ է ֆանտաստիկայի ժանրից»,- հավելել է Չավուշօղլուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս