Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալվածներից մեկը նրա վարորդն է

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել է այն վարորդը, որը նրան սպասարկում էր քաղաքում հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Այս մասին հայտնել է Gulf News հրատարակությունը:

Հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են 16 կամ 17 մարդու ձերբակալման մասին:
Հարձակման ենթադրվող կազմակերպիչը ալժիրցի է: Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան է:

Ինչպես գրում է Gulf News-ը, ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել, թե վարորդն արդյոք Քարդաշյանի մասին տեղեկատվություն Է փոխանցել կողոպտիչներին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ոստիկանները Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները:

ԶԼՄ-ների տվյալներով, ԴՆԹ-ի հետքեր են գտնվել կա՛մ այն կպչուն ժապավենի վրա, որով հանցագործները կապկպել էին Քարդաշյանին, կա՛մ այն մանյակի վրա, որը նրանց ձեռքից ընկել էր փողոցում: Ոստիկանության աղբյուրները «Ֆրանսպրես» գործակալությանը հաստատել են, որ ԴՆԹ-ի հետքերը թույլ են տվել նույնականացնել հանցավոր աշխարհի ներկայացուցչին, որն իրավապահներին հայտնի է այլ կողոպուտների կապակցությամբ:

2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:

Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս