ԱՄՆ Պետդեպում բացատրություններ են ներկայացրել ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցի վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպը խնդիրներ չի տեսնում նրանում, որ ամերիկյան հետախուզությունը չի հրապարակել կոնկրետ ապացույցներ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ՝ դա բացատրելով հատուկ ծառայությունների աշխատանքի յուրահատկությամբ, հայտնում է «Ուկրինֆորմը»։
«Կարծում եմ՝ քչերն են կասկածում, որ հետախուզական ծառայությունները պետք է պահպանեն իրենց մեթոդներն ու աղբյուրները»,- ասել է Քիրբին՝ ի պատասխան հարցի, թե ինչու չեն ներկայացվել կոնկրետ ապացույցներ։
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ հետախուզական միությունը «հանգել է միասնական եզրակացության» նաև կրկնակի ստուգումների արդյունքում։
Քիրբին պատմել է, որ այդ հարցի վերաբերյալ հրապարակային լսումներից հետո հետախուզության ներկայացուցիչները հարցը քննարկել են փակ ռեժիմով։
Քիրբին ընդգծել է նաև, որ ներկայիս վարչակազմի որոշումը՝ Ռուսաստանի դեմ սահմանել պատժամիջոցներ, «հենվում է հավաստի տեղեկությունների վրա, որոնք ստացվել են բոլոր՝ 17 հետախուզական գերատեսչություններից»։