Թրամփն իր փեսային նշանակել է ավագ խորհրդական
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ Ջարեդ Քուշներին առաջարկել է Սպիտակ տանը զբաղեցնել ավագ խորհրդականներից մեկի պաշտոնը, հայտնում է BBC-ն։
35-ամյա Քուշները ակտիվորեն մասնակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավին, Սպիտակ տանն այսուհետ զբաղվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությամբ։
Քուշները ևս, ինչպես Թրամփը, չունի պետական կառավարման փորձ։
Նրա նշանակումը ԱՄՆ նախասգահի վարչակազմում անսպասելի չէր, սակայն հակասական տրամադրություններ է առաջացրել։ Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք այդ նշանակումը օրենքի խախտում է, որը արգելում է խնամիական կապերը և չի հանգեցնի արդյոք շահերի բախման։
«Ջարեդը մեծ ներդրում է ունեցել և եղել է վստահված խորհրդական ողջ քարոզարշավի ընթացքում և անցումային շրջանում, և ես հպարտ եմ, որ նա կարևոր դեր է զբաղեցնելու իմ վարչակազմում»,- հայտարարել է Թրամփը։
Քուշները զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով Նյու Յորքում։