Նախանշվել են 2017թ. գերակա ուղղությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել  է   2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը կարևորել է   2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ  նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը և արմատական փոփոխություններ  կատարել  մոտեցումների մեջ:

Անդրադառնալով  ՀՀ վարչապետի կողմից տրված վերջին  հանձնարարականներին՝ նախարարը առաջին հերթին ընդգծել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների վերակազմակերպման խնդիրը, մասնավորապես, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու  և որոշում կայացնելու գործառույթը, ինչը  նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները:  «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձևաչափով այլևս որոշումներ չեն կայացվելու»,- նշել  է Արտեմ Ասատրյանը:

Համակարգում այս և այլ կարևոր փոփոխությունների հետ կապված տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Հաջորդ ուղղությունը վերաբերում էր նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը, առաջին հերթին՝ անապահովության գնահատման համակարգի մասով:

««Ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու համար իրականացվել են անապահովության գնահատման մոտեցումների  և մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ, որոնք առաջիկայում կներկայացվեն  ՀՀ կառավարության հաստատմանը:  Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն  ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, նախարարի խոսքով  պետք  է  ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարվի՝  սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների ներգրավումն ու սպասարկումն ապահովելու համար,  իսկ զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած կառույցներին:

Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝  նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել  աշխատանքային ստաժների  ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն   ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և  բացառման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ժամանակավոր անաշխատունակության, մայրության և մինչև  2 տարեկան  երեխային խնամքի նպաստների ընթացակարգերի հետ կապված խնդիրների լուծմանը:

Խորհրդակցության ավարտին նշված բոլոր ուղղությունների հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը  հստակ հանձնարարականներ է տվել և յուրաքանչյուր ուղղության համար  նշանակել պատասխանատուներ: «Յուրաքանչյուրն ունենալու է անձնական պատասխանատվության դաշտ և թերի աշխատանքի դեպքում չի ընդունվելու  որևէ  բացատրություն կամ մեկնաբանություն»,-շեշտել  է նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս