Բաժիններ՝

Մի շարք միջազգային ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում քամու կայանների ծրագրով

Մի շարք միջազգային ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում քամու կայանների ծրագրով: Այս մասին ֆեսյբուքյան օնլայն ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքները:

«Այս ներդրումային ծրագրերը մենք ներկայացնում ենք տարբեր երկրների ներդրումային դաշտին: Հետաքրքրվողներ կան մի շարք երկրներից, այդ թվում, Իրանից»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, տարին բավական աշխույժ է եղել տարածաշրջանային ինտեգրացման ծրագրերի իրականացման տեսանկյունից:Այս տարի սկսվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը: Կառուցման դեպքում երկու երկրների փոխհոսքերը կավելանան: 2017 թվականին սկսվելու է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

«Այս ծրագրերի իրականացնելու արդյունքում ունենալու ենք սկզբունքային նոր էներգահամակարգ: Սա բավական մեծ շուկա է մեզ համար, կա հնարավորություն նոր տեխնոլոգիաներով արտադրությունը զարգացնելու համար: Այս ծրագրերի իրականացման արդյունքում կարող ենք և’ տարանցիկ երկիր լինել, և’ արտահանել` տարածաշրջանում դառնալ լուրջ դերակատար»,-ասաց նախարարի տեղակալ:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ատոմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ աշխատանք է կատարվել: Մասնավորապես, համապատասխան ուսումնասիրություններից հետո 10 տարով երկարաձգվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:

Հայկ Հարությունյանն անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, որ Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերը հնարավոր է վաճառքի հանվեն, իսկ ադրբեջանական «Սոքար»-ը մտադիր է դրանք ձեռքբերել:

«Համապատասխան կառույցները հետևում են այդ գործընթացին: Նման իրավիճակի դեպքում անելու ենք ամեն ինչ, որ այդ գործընթացը չլինի ի վնաս պետական շահերի»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս