Հայաստանի ռուսական ավիաբազայի օդաչուները որակավորման բարձրացման թռիչքներ են իրականացնում
Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի օդաչուները որակավորման բարձրացման թռիչքներ են իրականացնում: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից կործանիչների, Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների 30-ից ավելի անձնակազմեր մեկ շաբաթվա ընթացքում ուսումնավարժական թռիչքներ են կատարելու «Էրեբունի» օդակայանում:
Ստուգարքային թռիչքների ընթացքում ինքնաթիռների եւ ուղղաթիռների անձնակազմերը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում նավավարման ֆիգուրներ կփորձարկեն առավելագույն եւ նվազագույն թույլատրելի բարձրություններում եւ արագությամբ, ինչպես նաեւ կանցկացնեն պայմանական օդային մարտեր՝ ցամաքային թիրախներ խոցելով լեռնային ու բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
Բանակային ավիացիայի Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռների անձնակազմերը գործնական վարժանքներ կկատարեն դեսանտատրանսպորտային առաջադրանքներ կատարելիս: