Բաժիններ՝

«Աուդիտներ են սպասվում բոլոր ՊՈԱԿ-ներում, որոնց արդյունքում, չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ». Արմեն Ամիրյան

Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփում էր աշխատանքային տարին: Անդրադառնալով մշակութային ոլորտի խնդիրներին, նախարարն անդրադարձավ նաև նախարարության մինչ այժմ ամենաքննարկված ու քննադատված՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին: Նախարարը տեղեկացրեց, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար տարեկան հատկացվում է 250 մլն դրամ, մինչդեռ ունենք 24000 հուշարձան, ուստի 2017-ին միայն 7 հուշարձան կվերականգնվի:

«Հուշարձանների շուրջ կարող են կառուցվել հյուրատներ, փոքրիկ խանութներ, միաժամանակ մշակվում են նախագծեր՝ ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջիկների համար նախատեսվող անցուղիները, որովհետև գաղտնիք չէ այն, որ լավագույնս պահպանվում են համայնքային նշանակության այն հուշարձանները, որոնք կարողանում են այցելուների հոսք ապահովել»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Անդրադառնալով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացված աուդիտին ու դրա արդյունքներին, նախարարը նկատում է. «Անցկացվել է աուդիտ, որը փաստել է ֆինանսական չարաշահումների մասին: Ներկա տնօրեն Վլադիմիր Պողոսյանն այժմ հիվանդանոցում է և բուժման կուրս է ստանում, հետևաբար՝ այս պահին մենք իրավունք չունենք նրան ազատելու: Կային ֆինանսական չարաշահումներ, որոնց արդյունքում, հավաստիացնում եմ, որ արժի ստորագրել հեռացման այդ հրամանը»:

Նախարարը նշեց, որ աուդիտներ են սպասվում բոլոր ՊՈԱԿ-ներում, որոնց արդյունքում, չի բացառվում՝ լինեն նոր կրճատումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս