Բաժիններ՝

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը կլուծարվի». Արմեն Ամիրյան

Այսօր  Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, միաժամանակ նախարարը ներկայացրեց 2017 թվականի  անելիքները:

Անդրադառնալով կինոոլորտի խնդիրներին, նախարարը հայտարարեց՝ կլինեն փոփոխություններ,  որոնք առավելապես կառավարման մոդելի այլընտրանքային մոտեցումներ կկրեն: Կստեղծվի  կինոարտադրող  ընկերությունների տնօրենների խորհուրդ, որի ղեկավարմամբ, ինչպես նաև ֆինանսատնտեսական հարցերի  տնօրինությամբ կզբաղվի համապատասխան ընտրված մասնագետը: «Կինոարտադրող ընկերությունների տնօրենները ռոտացիոն սկզբունքով կլինեն ղեկավարներ, որոնք կհամակարգեն նաև ամբողջ ոլորտը: Մենք ուզում ենք ներգրավել արտասահմանյան կինոարտադրողներին նույնպես, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից»,- նշեց Արմեն  Ամիրյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կլուծարվի, կվերակազմավորվի և կանվանափոխվի,  որի բազայի վրա ռոտացիոն կարգով կհամակարգի կինոարտադրությունը.  «Այսօր կա Կինոկենտրոն, վաղը չի լինելու այն: Հայաստանի ազգային կինոկենտրոնը կլուծարվի, իսկ թե ի՞նչ խախտումներ են եղել այնտեղ, պարզ կլինի միայն աուդիտից հետո: Կինոկենտրոնը, ճիշտ է, կարևորագույն դեր է ունեցել կինոյի զարգացման ոլորտում, սակայն ժամանակները փոխվել են, և ամեն լավ բան պետք է դիտարկել կոնկրետ ժամանակի մեջ:  Այժմ պետք է կառավարման նոր ձևեր գտնենք: Մենք շարունակելու ենք գումար տրամադրել կինոարտադրությանը, պետք է ունենանք ֆիլմեր, որոնք կմասնակցեն միջազգային կինոփառատոների»:

Անդրադառնալով «Հայֆիլմի» ճակատագրին, նախարարը նկատում է.«Հայֆիլմ» կինոստուդիան  մասնավորեցման գործընթացում է, իսկ այս պահին  կինոստուդիայի վերապրեցման համար մենք ներդրումային ծրագիր են մշակում»:

Ամփոփելով կինոլորտի բնագավառը՝ Արմեն Ամիրյանը լրագրողներին տեղեկացրեց նաև,  Մշակույթի նախարարությունն ու Հ1-ն  արդեն համապատասխան պայմանավորվածություն ոնեն, որով  կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը տարեսկզբից կմեկնարկի  բազմասերիանոց  նոր ֆիլմի  նկարահանումները, որը, ըստ նախարարի` դառնալու է բոլորի կողմից սիրված նախագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս