Բաժիններ՝

«Մնջախաղի թատրոնի շենքի հարցը համարում եմ լուծված». Արմեն Ամիրյան

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները: Անդրադառնալով թատերարվեստի ոլորտին՝ Արմեն Ամիրյանը կանգ առավ մի քանի ձեռքբերումների վրա, ինչպես նաև ուրվագծեց 2017-ի ոլորտի անելիքները: Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրի հարցը լուծված է, նախարարությունը զբաղվում է երկու թատրոնների շենքերի հարցով էլ:

«Երկու խնդիրներն էլ համարում եմ լուծված, հատկապես` Մնջախաղի թատրոնի շենքի հարցը: Պարզապես թույլ տվեք չշտապել ու առաջ չանցնել ժամանակից: Հավատացած եղեք, որ 2017-ի ընթացքում կտեղեկանաք թատրոնին տրամադրվելիք տարածքի մասին: Ինչ վերաբերում է Համազգային թատրոնի շենքի հարցին, ապա այս հարցը ևս պետք է դրական լուծում ստանա, բայց ես վստահեցնում եմ թե՛ ձեզ, թե՛ այն ուսանողներին ու դասախոսներին, ովքեր անհանգստացած են խնդրով, մեկի հաշվին մյուսին լուծում չի տրվելու` հարցերը լուծվելու են երկուստեք»,- ասաց նախարարը:

Որպես թատերարվեստում տարվա ձեռքբերում՝ Արմեն Ամիրյանն առանձնացրեց Պուչինիի «Տոսկայի» և Սունդուկյանի «Պեպոյի» հանձնումը: «2017-ին Ազգային օպերային թատրոնում կտեղադրվի թարգմանիչ՝ վազող տող, նույն պրակտիկան կկիրառվի Սունդուկյան թատրոնում և այլ մշակութային օջախներում: Գալիք տարվա ընթացքում մենք ծրագրել ենք նաև 400 մարզային այցելություններ: Ցավոք, նորից պետք է կրկնվեմ՝ Երևանը մշակութային ագրեսիայի ենք ենթարկում՝ աչքաթող անելով մարզերը»,- նկատեց նախարարը:

Պատասխանելով 168.am-ի հարցին, արդյո՞ք նոր նախարարը չի պատրաստվում վերանայել Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցյալ տարի այս օրերին տեղի ունեցած աննախադեպ կադրային փոփոխությունները, որի արդյունքում Օպերային թատրոնում լուծարվեց գլխավոր դիրիժորի հաստիքը, Արմեն Ամիրյանն ասաց.

«Օպերային թատրոնում բոլորովին վերջերս նոր նշանակում եղավ՝ գլխավոր պրոդյուսերի, որը եղավ թատերական աշխարհում հաջողված փառատոնով հայտնի Արթուր Ղուկասյանը: Նրան հանձնարարված է ուսումնասիրել թատրոնի առաջիկա անելիքներն ու մարտավարությունը, այդ թվում՝ նաև շատ այլ հարցեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս