«Վրաստանն անհանգստանալու առիթ ունի». Կախա Գոգոլաշվիլի

«Հայաստանն ու Վրաստանը բարդ ժամանակներ են հաղթահարում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի վրացական այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-22-ը պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ ՊՆ նախարարը, ով հանդիպումներ ունեցավ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Վրաստանի ՊՆ նախարարի և Վրաստանի վարչապետի հետ: Բանակցությունների ավարտին ստորագրվել է 2017 թ. Նախարարությունների համագործակցության ծրագիրը: Գոգոլաշվիլին նշեց, որ դատելով ստորագրված փաստաթղթի բովանդակությունից՝ այցը պլանային, անհրաժեշտ բնույթ էր կրում, քանի որ նման փաստաթղթեր ստորագրվում են ամեն տարի: Ըստ նրա՝ հայ-վրացական ռազմական համագործակցության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունենալու՝ հաշվի առնելով այդ ոլորտում երկու երկրների վարած քաղաքականությունը:

«Կարծում եմ՝ այստեղ ոչինչ չի փոխվել, կողմերը պետք է փորձեն պահպանել համագործակցության այն ծավալները, որոնք նախկինում են եղել, թեև երկուսն էլ խորացնում են ռազմական ոլորտում համագործակցությունները տարբեր կենտրոնների հետ, այս դեպքում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը՝ ՆԱՏՕ-ի: Իրականում, մեր երկրներն իսկապես բարդ ժամանակներ են հաղթահարում՝ այս պայմաններում փորձելով պահպանել բարիդրացիական հարաբերությունները, որոնց այլընտրանք նրանք չեն տեսնում, սակայն ժամանակի ընթացքում այդ խնդիրը շատ ավելի բարդ և դժվար հաղթահարելի է դառնում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ընդհանրություններն են վերանում: Այս պայմաններում Հայաստանին ու Վրաստանին օգնում է պարզապես անկեղծությունը և անցյալի փորձը»,- ասաց Գոգոլաշվիլին:

Վերջինիս վստահեցմամբ՝ այս հանդիպումների ժամանակ տեղի են ունեցել կուլիսային քննարկումներ ևս, որոնք վերաբերել են տարածաշրջանում վերջին զարգացումներին: «Հարավային Կովկասի անվտանգությունը փխրուն վիճակում է, պատճառներից մեկը չկարգավորված ԼՂ հակամարտությունն է, որը միանշանակորեն քննարկվել է նախարարների հանդիպման ժամանակ: Սիրիական իրադարձությունները թեկուզ մեր տարածաշրջանում չեն, բայց տեղի են ունենում մեր հարևանությամբ, ինչը չեն կարող շրջանցել Հայաստանն ու Վրաստանը:

Ի վերջո, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում լուրջ սպառազինություն է հայտնվել, ապա ձևավորվել է հայ-ռուսական միացյալ զորախմբավորում, որի ֆունկցիաներն այդպես էլ անհայտ են բոլոր կողմերին, չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոսեց զորամիավորման մասին՝ դիտարկելով այն՝ որպես ՆԱՏՕ անդամ երկրների զսպման կամ վերահսկման գործոն: Այստեղ, բնականաբար, Վրաստանն անհանգստանալու առիթ ունի, քանի որ նպատակ ունի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Իմ համոզմամբ՝ բանակցություններ են ընթացել այս հարցի շուրջ: Վրացական կողմը վստահաբար ներկայացրել է ՆԱՏՕ անդամակցության ներկայիս ճանապարհը, այն ծրագրերը, որոնք իրականացնում է ՆԱՏՕ-ի վրացական կենտրոնը, և ինչ ծրագրերում հայկական ուժերը կարող են ներգրավված լինել»,- նման տեսակետ հայտնեց Կախա Գոգոլաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս