Հակառակորդն ակտիվություն է ցուցաբերել. հայկական կողմը պատժիչ գործողությունների է դիմել
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան /Ակնա/ և հարավարևելյան /Մարտունի/ պաշտպանական հատվածներում: Միայն Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ-ոց, 5-ը՝ 82 մմ-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:
Այս պահի դրությամբ առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է: