Գիտնականները նախազգուշացնում են, որ տոներին «Ֆեյսբուք»-ում «նստելը» փչացնում Է տրամադրությունը
«Ֆեյսբուք»-ում եւ մյուս սոցցանցերում ձեր ընկերների սուրբծննդյան եւ ամանորյա «իդեալական» ընտանեկան ու արձակուրդային լուսանկարները կանոնավորապես դիտելը հազիվ թե ձեզ լիցքավորի տոնական տրամադրությամբ, ավելի շուտ՝ ընդհակառակը, նախազգուշացնում են գիտնականները:
Կոպենհագենի համալսարանի գիտնականները հրապարակել են «Կիբեռհոգեբանություն, վարքագիծը եւ սոցիալական ցանցերը» ուսումնասիրության արդյունքները, որոնք բացահայտել են, որ չափազանց հաճախ եւ երկար ժամանակով սոցցանցեր մտնելը կարող է օգտատերերի մեջ նախանձի զգացում առաջացնել:
Մյուսներին «հետեւելը» հատկապես բացասաբար է ազդում լուսանկարների քննարկմանը չմասնակցելու եւ ընկերների հետ իրական շփման բացակայության դեպքում, նախազգուշացնում են հոգեբանները, որոնք հանձնարարում են՝ տոներին ընդհանրապես ձեռնպահ մնալ սոցցանցերն օգտագործելուց:
«Սոցիալական ցանցերի, օրինակ, «Ֆեյսբուք»-ի կանոնավոր օգտագործումը, կարող է բացասաբար ազդել ձեր հուզական վիճակի եւ կյանքից բավարարվածության զգացողության վրա»,- ասված է հետազոտության եզրակացության մեջ, որին մասնակցել է 1300 մարդ, հիմնականում՝ կանայք, նշում է BBC-ն:
Դանիացի գիտնականները նախազգուշացնում են, որ երկարատեւ դիտումից եւ սոցցանցերում ուրիշների գրառումների ընթերցումից կարող է նախանձի զգացում առաջանալ, իսկ տրամադրությունը կարող է անհուսալիորեն փչանալ «այլ մարդկանց հետ անիրատեսական համեմատությունից»:
Մյուս կողմից՝ սոցցանցեցում լուսանկարների եւ նորությունների քննարկմանը մասնակցելը, ներգրավվածությունը եւ այլ մարդկանց հետ շփումը կարող է օգուտ բերել, ասում են հետազոտության հեղինակները: Համենայն դեպս, դա Էականորեն ավելի լավ է, քան «պասիվ հետեւելը»:
Եթե չեք ցանկանում փչացնել ձեր տրամադրությունը, հնարավոր է, տոնական շաբաթվա ընթացքում հարկ լինի «արձակուրդ վերցնել» սոցցանցերից, առաջարկում են գիտնականները: