«Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը». Կարեն Խանլարյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/^4319F24A899EAF4F8F49A189E9F39158B6DE8992C09CB767B3^pimgpsh_fullsize_distr.jpg)
Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը կարծում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարևոր քայլ է Իրան-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման համար: Նրա կանխատեսմամբ՝ այցի արդյունքում կլինեն լուրջ ձեռքբերումներ: «Իհարկե, տարածաշրջանային առումով նույնպես կարևորում եմ այս այցը՝ հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական գործընթացները, փոխհարաբերությունների լարվածության այս շրջանը: Ըստ իս՝ այս այցը կարող է բերել կայունացման որոշակի էլեմենտներ տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Հայազգի պատգամավորն անդրադարձավ նաև այն ոլորտներին, որոնցում տեսնում է Իրանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներ: «Դրանցից են հաղորդակցության, ալտերնատիվ փոխադրումների ոլորտները: Մոտ ապագայում Իրանը կարող է դառնալ տարանցիկ հաբ, որն իր հերթին կնպաստի երկրում տարանցիկ զբոսաշրջության զարգացմանը: Այս առումով Հայաստանը կարող է օգուտ քաղել, քայլեր ձեռնարկել և գնալ զարգացումների: Համագործակցության ոլորտներում ևս հնարավոր է լինեն հետագա զարգացումներ, ինչպես օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի, անվտանգության հարցերին առնչվող, քաղաքական այլ ոլորտներում: Չեմ բացառում նաև գիտակրթական, գործարար ոլորտները, քանի որ գործարարների շրջանում հետաքրքրություն կա գյուղատնտեսական, արդյունաբերական տարբեր ոլորտներում: Ինչու չէ, զարգացում կարող է լինել նաև տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի գրանցած հաջողություններն այս ոլորտում»,- նշեց Կարեն Խանլարյանը:
Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: