«Ուռճացված թվերից անցնում ենք իրականի». Գագիկ Մակարյան
«Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում տնտեսությունը լավ զարգանում էր, դեկտեմբերին մինչև 4 ամսվա շրջանառություն էր կատարվում։ Հիմա էլ որոշ ընկերություններ մի քանի ամսվա ծավալ ունեն, և ենթադրվում է, որ գոնե 2 ամսվա ծավալ դեկտեմբերը կապահովի։ Եվ դեկտեմբերի շնորհիվ, լավագույն դեպքում, մինչև 1% կարող է ձգենք Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով ԱՎԾ-ի հրապարակած ՏԱՑ ցուցանիշը՝ հունվար-նոյեմբերի համար՝ ընդամենը 0.6%։
Ըստ նրա՝ այդ ցածր ցուցանիշն իրական պատկերն է, ոչ թե նախկինում նկարված բարձր թվերը։ Գ.Մակարյանի կարծիքով՝ բնակչությունն իր վրա չէր զգում 3% և ավելի աճերը, քանի որ դրանք չէին արտացոլում իրականությունը. «Ռուսաստանում տնտեսությունը մի փոքր լավացել է, և որոշ ձեռնարկությունների արտահանման ծավալներն ավելացել են, քանակները՝ փոխվել»։
Պետական հատվածում աշխատավարձի 1.2% նվազումը Գ.Մակարյանը պայմանավորեց պետական կառույցներում աշխատողների թվի կրճատմամբ և ոչ թե՝ մեկ աշխատողի միջին աշխատավարձի նվազմամբ։ Իսկ մասնավորում աշխատավարձի 4.4% աճը, նրա կարծիքով, բիզնեսի որոշակի աշխուժացման արդյունք է. «Այստեղ պետք է հասկանալ ոչ թե՝ մեկ անձի վարձատրության միջին ծավալը, այլ՝ ընդհանուր»։
Գ.Մակարյանը նշեց, որ արտահանման 21.2% աճը կարող է համապատասխանել իրականությանը, հայաստանյան մի քանի գործարանների որոշ թափ է հաղորդել ՌԴ տնտեսության որոշակի առողջացումը. «Իհարկե, մենք դեռ չենք վերադարձել 2014 թ. ցուցանիշին, բայց աճ կա։ Եվ ընդհանուր ծավալները մեծացել են քանակների ավելացման հաշվին»։
Գյուղատնտեսության ոլորտի անկման պատճառը, Միության նախագահի կարծիքով, նույնպես ուռճացված թվերից իրականի անցնելն է, և դա չի նշանակում, որ ծավալները նվազել են։ Էլեկտրաէներգիայի արտադրության 6.4% անկումը Գ.Մակարյանը պայմանավորեց հիմնականում արդյունաբերության պասիվությամբ և բնակչության կողմից կատարվող խնայողություններով։ Նրա խոսքով՝ թանկացումները միշտ բերում են խնայողությունների, բայց կա նաև արտագաղթի գործոնը։
«Հանքարդյունաբերության մեջ որոշ դժվարություններ կան միջազգային շուկայում գների անկման հետևանքով, իսկ նրանք էլեկտրաէներգիայի խոշոր սպառող են, նաև մետաղ արտադրողները, որոնք շինարարության հետ են կապված։ Դրա համար տրամաբանական է էլեկտրաէներգիայի արտադրության անկումը։ Դա ցույց է տալիս հենց տնտեսության վիճակը»,- ասաց Գ.Մակարյանը։