«ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր մեր պետականությանը». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ամփոփելով քաղաքական տարին, նշել է, որ 2016.թ սկսվել է խոշոր քաղաքական իրադարձությամբ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հայտնի ելույթից հետո սկիզբ դրվեց իշխանական կոալիցիայի ձևավորմանը, որը, ինչպես նշեց Աշոտյանը, սկիզբ դրեց քաղաքական նոր մշակույթի, և ծրագրային համագործակցության հեռանկարներ բացվեց երկու ազգային կուսակցությունների միջև: «ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության հուշագրում մատնանշված խնդիրների ցանկն ընդգրկուն է իր ծավալով և արդիական է մնում նաև այսօր»,- ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ 2016թ. լի էր նաև ցավալի իրադարձություններով: «Այս տեսակետից հատուկ շեշտենք ապրիլյան պատերազմի դերակատարումն ու ազդեցությունը և՛ հասարակական, և՛ քաղաքական կյանքի վրա: Մենք հասկացանք, որ ունենք ազգային անվտանգության մեկ երաշխիք՝ դա մեր բանակն է: Փարատվեց նաև մտահոգությունը, թե այսօրվա սերունդը ունակ չէ դիմել մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հասարակական և քաղաքական աննախադեպ կոնսոլիդացիա կարող ենք ապահովել, երբ կան արտաքին մարտահրավերներ»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը պատմական է համարում Հռոմի պապի այցը Հայաստան: Նրա խոսքով՝ դա քաղաքական և մշակութային ազդեցության լուրջ իրադարձություն էր, երբ ողջ կաթոլիկ աշխարհը իր առաջնորդով ներկայացվեց Հայաստանում: «Այս պատմական իրադարձությունը գոհար է այն իրադարձությունների շարքում, որոնք մենք կարող ենք համարել մեր կարևոր ձեռքբերումները»,- ասաց նա:
Նա անդրադարձավ նաև հուլիսին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: «ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր մեր պետականությանը, որն ավելի ընդգծեց այն գաղափարը, որ Հայաստանի ներսում ուժի, զենքի, բռունցքի միջոցով հարցեր լուծելու խնդիր չկա: Այս ճանապարհն անընդունելի է»,- նշեց Աշոտյանը:
Կարևոր իրադարձությունների շարքում Արմեն Աշոտյանն առանձնացրեց նաև Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաջողությունները, Հայաստանի և ԼՂՀ անկախության 25-ամյա տարեդարձը, Հայաստանում նոր կառավարության ձևավորումը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: