Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մեր երկրի, ժողովրդի եւ պետության անվտանգության ապահովման ուղղությամբ դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու ծառայություն: Արհեստավարժությունը, սկզբունքայնությունը, անձնվիրությունն ու հայրենասիրությունը պետք է լինեն ձեր ծառայության անբաժանելի մասը եւ օգնեն արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթներն ու պարտականությունները:
Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական խնդիրները եւ կանի հնարավորը դրանք լուծելու ուղղությամբ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեր ծառայության իրականացման ճանապարհին»: