Իրկուտսկում լոգանքի խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 41-ի, Interfax-ին հայտնել է քաղաքի Լենինսկի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկին։
«Հայտնաբերվել է 57 մարդ, որոնք օգտագործել են թունավոր հեղուկը, 41 մարդ մահացել է»,- հայտնել է Զուբովսկին։
Ավելի վաղ քննիչները հայտնել էին 33 զոհի մասին։
«Այդ թիվը դեռ կավելանա, քանի որ հեղուկը պոտենցյալ օգտագործողների գտնվելու վայրերը դեռևս հետազոտվում են»,- նախազգուշացրել է դատախազը։
Կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորումը տեղի է ունեցել Իրկուտսկի Նովո-Լենինո միկրոշրջանում։ 35-50 տարեկան կանայք ու տղամարդիկ բժշկական հաստատություններ էին տեղափոխվել հանգստյան օրերին։ Նրանք բոլորն էլ օգտագործել էին Боярышник կոչվող խտանյութը։
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորումը հարուցել է մեթիլ սպիրտը կամ մեթանոլը, ինչպես նաև անտիֆրիզը։
Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում կոչ է արել առգրավել խտանյութը մանրածախ առևտրի կետերից։
Հիվանդանոցներում է գտնվում 15 տուժած։
Հարուցվել է քրեական գործ։