ՀՀ-ԵՄ ամենակնճռոտ հարցերը թողնվել են բանակցությունների վերջին փուլերին

Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների ընթացքում դեռ շրջանցվում են ամենածանր հարցերը։ Ինչպես հայտնի է, Բրյուսելում օրերս կայացել է Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունների  7-րդ փուլը, որը, կողմերի գնահատմամբ, կրկին անցել է դրական մթնոլորտում՝ արձանագրելով դրական արդյունքներ։ Գաղտնիք չէ նաև, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բանակցությունները ծավալվում են «առևտրի և ներդրումների» բլոկի շուրջ, որը մաս կկազմի ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրին։

Ի տարբերություն երեք տարի առաջ բանակցված Ասոցացման համաձայնագրի, որը ներառում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր, որի շուրջ կողմերը բավականին երկար ժամանակ էին բանակցել, նոր համաձայնագրում «առևտրի և ներդրումների» ոլորտը ներկայացված կլինի մի քանի կետով։

168.am-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս վարվող բանակցություններն այս բլոկի շուրջ անցնում են առանց տարաձայնությունների, քանի որ կողմերը քննարկում են բլոկի այն հարցերը, որոնք խնդիր չեն ներկայացնում Եվրասիական տնտեսական միության համար։ Մեր աղբյուրի համաձայն՝ այս բլոկի ամենակնճռոտ հարցերը, այսինքն՝ հարցերը, որոնց վերաբերյալ ԵՏՄ-ն ունի իր սահմանափակումները, թողնվել են բանակցությունների վերջին մի քանի փուլերին, որոնք կողմերը նախատեսում են ավարտել մարտ ամսվա ընթացքում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ԵՄ-ն շարունակում է Հայաստանին ընտրելու հնարավորություն տալ բանակցություններում։

«ԵՄ-ն, համաձայն իր վերանայված Հարևանության քաղաքականության, հնարավորություն է տալիս Հայաստանին, ըստ իր մյուս միջազգային պարտավորությունների, ուրվագծել ՀՀ-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագիրն այնպես, ինչպես ցանկանում է։ Հայաստանն ազատորեն  որոշում է, թե ԵՄ-ի որ հնարավորություններից կարող է օգտվել, որոնցից՝ ոչ»,- փոխանցեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2015թ․հոկտեմբերի 12-ին Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորել էր Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին՝ սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

Տեսանյութեր

Լրահոս