Հայաստանում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները
Հայաստանում 2016 թվականի ընթացքում 2 հազար 519 գործատուի կողմից ներկայացվել է շուրջ 7 հազար 647 չկրկնվող թափուր աշխատատեղերի հայտ: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով` Հայաստանում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները:
«Մասնավորապես, դեղագետ, դեղագործ, ֆինանսների և առևտրի բնագավառի մասնագետ, դիզայներ, համակարգչային սարքավորումների սպասարկման մասնագետ, վաճառող, մատուցող, խոհարար, հացթուխ, վարսահարդար, կարող, դերձակ, ավտովերանորոգող, ավտոէլեկտրիկ, էլեկտրիկ, վարորդ, փականագործ, եռակցող, ֆրեզերագործ, ինչպես նաև տարբեր ոլորտներում բանվորական մասնագիտություններ ունեցողներ»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Նա նաև նշեց, որ բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը ոլորտից ոլորտ տարբեր է: Առավել բարձր պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, սպասարկման ոլորտներում:
Մանգասարյանի ներկայացմամբ` Երևանում մեծ է ատամնաբույժերի, իսկ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագետների և դասավանդողների պահանջարկը: