«Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ». Վիկտոր Դալլաքյան
«Ես որոշակի հադիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ, մենք նույն ձևով ենք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը: Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն և մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը վերջերս համալրած Վիկտոր Դալլաքյանը` մեկնաբանելով մամուլում քննարկվող Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի շուրջ վերլուծությունները:
Նա հիշեցրեց իր առաջին ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, որ Սեյրան Օհանյանն այն գործիչն է, որի հետ համագործակցությունը պատիվ կբերի. «Ես ծանոթ եմ նրա ծրագրերին, մենք այդ ծրագրերը քննարկում ենք միասին և առաջիկա օրերին նա հանդես կգա հայտարարությամբ»:
Անդրադառնալով լուրերին, թե Սեյրան Օհանյանի դեմ կոմպրոմատներ կան, որոնց պատճառով Օհանյանն իշխանության դեմ չի գնա, Վ.Դալլաքյանը նշեց, որ հումորով է վերաբերվում: Նա տարօրինակ համարեց, որ կուսակցությունը գլխավորելու է Սեյրան Օհանյանը. «Մեր կուսակցությունը գործում է 2003 թվականից հետո, այն նոր չի ստեղծվում»:
«Եթե մեզ հաջողվի հասնել լայն համագործակցության և ձևավորվի դաշինք, դրան կարող են մասնակցել հայտնի կուսակցություններ և ռազմական գործիչներ, որոնք կարող են գլխավորել դաշինքի ցուցակը` լինելով անկուսակցական»,- ասաց Վ.Դալլաքյանը:
Հրացին` կարո՞ղ է ընտրություններից հետո նորից իշխանություն դառնալ, Վ.Դալլաքյանը պատասխանեց, որ իրենք կարող են լինել իշխանություն, եթե ժողովուրդը կտա համապատասխան քվե և դաշնակիցների հետ միասին խորհրդարանում կունենան առնվազն 54% ձայն, որը հնարավորություն կտա ձևավորել կառավարություն: Հարցի ենթատեքստի կապակցությամբ Վ.Դալլաքյանը միանաշնակ պատասխանեց` ոչ: