Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ՀԱԿ 2-րդ համագումարում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ՀԱԿ 2-րդ համագումարում
(17 դեկտեմբերի, 2016թ.)

Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչու­թյան աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թեր­զինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատու­թյան չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտ­նահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալա­նը» (iLur.am. 19.10.2016; «Չորրորդ իշխանություն». 20.10.2016)։ Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարա­բաղ­յան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափա­կումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետե­ւանք­ների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավե­լորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճա­կում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրա­պե­տության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։

Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռ­եւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլ­յան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցու­թյուն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստի­պելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականու­թյու­նը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթա­փու­թյուն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փո­խարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղա­փա­րախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրա­գրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբե­րում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտ­վող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։

* * *

Դրա համար, սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում եւ Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջ­նադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմա­նա­կանորեն։ Երեւույթի մասին տարրական պատկերացում կազ­մելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրա­դառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։

XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղե­րին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակար­գը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղա­մարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհա­զարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրու­թյան գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրե­լով Խաղաղ օվկիանոսից մինչեւ Լեհաստան ու Անատոլիա ըն­կած եւ իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյա­տե­ւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառ­ման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձեւավո­րելու անկարողության եւ գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոք­րաքանակության պատճառով։

Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձեւավորման հաջորդ հաջող­ված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետա­պնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղո­լակա­նից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվա­ճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացի­ների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատեւումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրան­սա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտնե­րի ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնու­թյան ձեւավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթաց­քում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարեւանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի շարու­նակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփա­կան ուժերին եւ մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեեւ վերջին 200 տարիներին Շվեյցա­րիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, եւ Եւրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին եւ երկրորդ համաշխար­հա­յին պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգա­ծության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծա­ռա­յողի, կամավորի եւ պահեստազորայինի հանգամանքով ներ­գրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամե­նա­ռազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։

Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդ­օրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամաս­նորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդա­պատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թե­լադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի ան­վտան­գությունն ու պետության գոյատեւումն ապահովելու միեւ­նույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձեւի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլո­մետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձեւը եւ Պա­ղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։

Պաղեստին­ցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկ­վել ՄԱԿ-ի բանաձեւին եւ հաջորդ օրն իսկ պատերազմ հայ­տա­րարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարեւան արաբական պետություններից համակեցության մեր­ժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին եւ հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաեւ հետագա պատերազմ­ներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն ար­մա­տա­պես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համա­ձայնագրերի ստորագրումից եւ Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաեւ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտու­թյան գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության եւ երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաս­տել է նաեւ ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մաս­նավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդ­հա­նուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազ­գի ձեւավորման, գիտության եւ տեխնիկական մտքի սրընթաց զար­գացման, ինչպես նաեւ ռազմա-արդյունաբերական համալի­րում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժե­րի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաեւ այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց վրա եւ, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։

Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորա­պես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը եւ խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդա­կության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդա­գրա­կան եւ հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության եւ այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սա­կայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գոր­ծոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, եւ որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկա­տի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, եւ թե՛ նյութա-տնտե­սական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետեւ քանի խոսքը վերաբերում է հաջողված փոր­ձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։

* * *

Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճար­տա­րապետները պարտավոր են, առաջին հերթին, պատաս­խանել հետեւյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, եւ որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրա­դառ­նանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բեր­վող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախու­թյունից ի վեր անշեղորեն աճել եւ 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշար­ժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդ­հատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որեւէ միտում չի դրսեւորում։ Մարդ­կա­յին ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվու­թյամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է եւ ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքա­հայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազ­գեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պա­րագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվա­կան­ների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որեւէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երեւում։ Դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծ­վում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձր­աստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատ­ճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղ­վելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահման­յան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թա­լանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։

Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայող­ների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պա­րագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պե­տության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնե­լով աշխարհի առջեւ։ Նյութական ռեսուրսների առումով եւս առանձ­նապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։

Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստու­թյունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, եւ երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռ­քա­հայ բարերարների եւ հասարակ ժողովրդի կողմից անկա­խության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրա­կան օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերա­զանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսա­տար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանա­կի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյու­ջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։

* * *

Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տե­սանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի եւ ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջա­վայ­րում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետա­կանության գոյատեւումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արեւմտյան Հա­յաս­տանն ազատագրելու եւ ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։

Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատեւման անհրա­ժեշ­տությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետեւ միջնադարն ավարտվել է, եւ պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։

Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տեւական առճակատ­ման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողու­թյունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղես­տինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձեւին եւ Իսրայելի ան­կախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարե­ցին վերջինիս։ Իսրայելին, հետեւաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին եւ ձեռնամուխ լինել «ազգ-բա­նակի» կառուցման գործին։

Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պար­տա­դրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական եւ իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդ­պես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ին­չը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վեր­ջինիս համար։

Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առ­կա­յության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթա­նալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իս­րա­յելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետու­թյուն­ների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարեւաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չու­նի։ Մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբա­նե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության եւ աշխարհաքաղաքական նկատա­ռումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլեւ խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցու­ցա­նում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պա­տերազմներ է մղել իր չորս հարեւանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդա­յին հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահ­մա­նային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարե­ւաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։

Այս առումով, իմիջիայլոց, տե­ղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարեւաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերա­ցումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամար­տության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցա­բերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջա­փակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործո­ղություն չի ձեռնարկել եւ ոչնչով չի կարողացել խանգարել Ղա­րաբաղի տարածքային ընդարձակմանը։

Ավելին, գուցե պարա­դոք­սալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշն­չելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բա­նակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամար­տու­թյան հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզո­քություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողա­կանու­թյան չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառու­ցո­ղա­կան միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավե­լի եւս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծ­ված լարվածությունը։

Ինչեւիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետեւում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին եւ այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետեւաբար, մեր եր­կիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենեւին պարտա­դր­ված չէ հետեւելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրի­նակին։ Արաբական եւ իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունե­ցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարա­բաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատ­ճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։

Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաեւ մի այլ՝ մե­թոդաբանական առումով։ Ամենեւին պարտադիր չէ, որ որեւէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաեւ ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխում­ների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաս­տանում։

Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրա­գիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծ­վում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրա­կանացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունե­նանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։

* * *

Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հա­յաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պար­տադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջեւ դնելով, ի՞նչ նպատակ է հե­տապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտա­ծել, եւ այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղա­փարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրե­նա­սի­րախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքս­յան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտ­րոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդ­պես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտան­գա­վոր չէ, որովհետեւ նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։

Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանու­թյա­նը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնան­կությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։

Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրա­հռ­չակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակա­միջո­ցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստա­նում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբա­ղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուա­լությունը։

Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտան­գու­թյան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վի­ճա­կի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամար­տու­թյան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավո­րումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու­թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։

Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերություն­ները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգա­վորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազ­գայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տար­բե­րակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգ­լիների օրենքն այլեւս չեն գործում, եւ հակամարտությունների կար­գավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշ­տու­թյունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակեր­պու­թյան կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինք­նավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաեւ նրա անկախությունը։

Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սա­դա­թը եւ Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայ­ման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժ­ման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգա­վորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտե­րու­թյուններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։

«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապա­ցուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կա­րիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետե­ւանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատե­րազ­մը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանք­ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երեւույթ չէ, եւ այդ առթիվ ամենեւին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջեւ, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաեւ Վրաստանից, Ադրբեջանից, Իրա­քից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաի­նայից եւ մի շարք այլ երկրներից։

* * *

Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հաս­նել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կա­րող էինք հասնել դեռեւս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունե­ցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տա­րիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլեւ այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զար­գացող երկիր եւ ապահով Ղարաբաղ։

Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործ­ընկերների կողմից, եւ մենք կորցրեցինք հարցի լուծման հարմա­րագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կոր­ծանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գոր­ծող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարու­նա­կականության խաթարման մեջ։

Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկա­յությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղու­թյամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստա­հաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։

Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժ­ման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայ­տա­րարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավա­նանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդա­րա­նա­կան ընտրություններին պետք է մասնակցի սպառազինու­թյուն­ների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտան­գի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հա­րա­բերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հա­յաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրա­գիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողո­վում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։

Սակայն, քանի որ ընտրությունները դեռ հեռու են ու դրանից հետո էլ, մինչեւ 2018թ. ապրիլը, Հայաստանում պահպանվելու է նախագահական համակարգը, անհրաժեշտ է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխա­նատվությունը եւս մեկուկես տարի դրված է լինելու Սերժ Սարգս­յանի վարչակազմի եւ նրա հենարանը հանդիսացող կուսակցությունների վրա։

Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում Հայ Ազ­գային Կոնգրեսը, առայժմ, կարծիք արտահայտելուց բացի, գործ­ընթացի վրա ազդեցության որեւէ այլ լծակ չունեն։ Դա չի նշանակում, անշուշտ, որ նրանք, եթե ոչ իրավական, ապա առ­նվազն բարոյական պատասխանատվություն չպետք է ստանձ­նեն եւ, ձեռքերը լվանալով, մի կողմ քաշվեն։ Մի այնպիսի համ­ազ­գային խնդրի լուծման հարցում, ինչպիսին Ղարաբաղյան հա­կամարտությունն է, խաղաղության եւ հաշտության կողմնակից բոլոր կուսակցությունները, քաղաքացիական կազմակեր­պու­թյուն­ները եւ մտավորական խավերը պարտավոր են զորավիգ կանգնել օրվա իշխանություններին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Արտաքին սպառնալիքի կամ ներքին կայունության խախտման վտանգի պարագայում մենք միշտ առաջնորդվել ենք այս սկզբունքով, ինչի վկայությունն է, մաս­նավորապես, հոկտեմբերի 27-ին, ապրիլյան պատերազմի ժա­մա­նակ եւ Սասնա ծռերի հետ կապված դեպքերի օրերին մեր դրսեւորած դիրքորոշումը։

Մյուս քաղաքական ուժերը կա՛մ անզիջողականներ ու ոչմի­թիզ­հողականներ են, կա՛մ էլ, այդպիսին չլինելով, ազգադավ կոչվելու վախից, չեն համարձակվում Ղարաբաղի հարցում դիրք­որոշում արտահայտել։ Հակառակ այն հանգամանքին, որ ոչմի­թիզհողականներից շատերը հողերի ձեռքբերման հետ որեւէ կապ չեն ունեցել, իսկ որոշ մասը, Վարուժան Ավետիսյանի դիպուկ արտահայտությամբ, պարզապես զինվորի ու ազատա­մարտիկի արյան վրա ձեռք տաքացնողներ են, նրանց գոյու­թյունն ամենեւին արտառոց չպետք է համարել։ Այդպիսի ծայրա­հեղական ուժեր կան անգամ զարգացած ժողովրդավարական երկրներում, այդ թվում, սույն ելույթում բազմիցս հիշատակված Իսրայելում։ Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կու­սակ­ցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։

Այդ կուսակցության ոչ մի անդամ եւ պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբեւէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարա­րությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադար­ձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը։ Պահն է, վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բա­նակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամաս­նության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակեր­պությունների աջակցությունը վայելող առաջնորդի, եւ ոչ թե սե­փական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կար­գավորման վճռական քայլը։ Այլապես, բանակցությունների ըն­թաց­քում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի։

Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղ­թական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրո­ղությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջ­նադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործու­թյուն­ները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճ­ված լինեին փոխզիջումների գնով։ Հայ իրականության մեջ այդ գաղափարը հստակորեն ձեւակերպել են մանավանդ XI–XIII դարերի հռչակավոր մատենագիրներ Արիստակես Լաստի­վերտ­ցին եւ Հովհաննես Երզնկացին։ «Թագաւորաց օրէն է աշխարհի խաղաղութիւն եւ շինութիւն հոգալ»,– գրում է Լաստիվերտցին։ Ի դեպ, միջին պարսկերենից փոխառված հայերեն «շէն» եւ ասո­րերեն «šaynā» արմատներից ածանցյալ «շինութիւն» եւ «mšay­nūta» բառերն ունեն երկու իմաստ՝ «խաղաղություն» եւ «բար­օրություն», ինչը նշանակում է, որ ժողովրդական լեզվամտա­ծողության մեջ այդ երկու գաղափարները բացարձակապես նույ­նացվել են, արտացոլելով այն ըմբռնումը, որ եթե չկա խա­ղաղություն, բարօրություն լինել չի կարող (մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները եւ հայերը, հտ. Բ, Երեւան, 2007, էջ 28–29)։ Սերժ Սարգսյանին, արդ, մնում է հետեւել մեր նախահայրերի իմաստությանը եւ անսալ ռացիոնալ քաղաքականության թելա­դրանքին, ինչը չի կարող ըստ արժանվույն չգնահատվել ժո­ղովրդի կողմից։

* * *

Ելույթիս կապակցությամբ հնարավոր, ավելի ճիշտ, անխու­սափելի չարախոսությունները կանխելու նպատակով, հարկադր­ված եմ նաեւ կատարել հետեւյալ երկու զգուշացումները.

Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներ­քին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւո­ղա­կան քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակ­ցու­թյան ձեւավորած որեւէ կոալիցիայի։ Գաղափարական, քա­ղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլո­րովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հա­րա­բերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։

Եվ երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալ­ված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւը։

Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.

b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.

c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։

Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշա­նա­բանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճա­նապարհ գոյություն չունի։

Հեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների, այդ թվում, մեր հայրենակից Տարոն Աճեմ­յանի կողմից Հայաստանն արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն՝ Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի եւ նմանատիպ այլ երկր­ների շարքին։ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիու­թյուն» նշանաբանի իրագործումը պատեհություն է ընձեռում կարճ ժամանակի ընթացքում դուրս գալու այդ դժբախտ ընկե­րակցությունից։ Հետեւաբար, Հայաստանի ու Ղարաբաղի հան­րա­պետություններն իրավունք չունեն բաց թողնելու այդ պատե­հությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա, իմ կարծիքով, ցանկալի կլի­ներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի կամ քաղաքական պլատֆորմի շուրջ ձեւավորված դաշինքով։ Այդպիսի դաշինք կազմելու ցան­կություն հայտնող կուսակցությունների առջեւ մեր դռները պետք է բաց լինեն։

Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսա­փելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետեւյալ առարկայական (օբյեկ­տիվ) ելակետերի վրա.

ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որեւէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։

բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։

գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտր­ված­քով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։

դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդե­ցության այլ լծակ չունի։

ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի եւ նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը։

զ. Եթե մեր իշխանությունն ի զորու լինի հասնելու ավելի շա­հեկան, հաղթողական լուծման, մենք միայն կողջունենք դա եւ ներողություն կխնդրենք նրանցից։

է. Մենք հավասարապես ցավում ենք հակամարտության պատ­ճառով ոչ միայն հայերի, այլեւ ադրբեջանցիների կրած անհա­մար տառապանքների համար եւ անկեղծորեն հավատում երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է։

Տեսանյութեր

Լրահոս