Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. նյութերն ուղարկվել են ՀՔԾ. ոստիկանության պարզաբանումը
Ըստ «Ազատություն ռադիոկայանի» ինտերնետային կայքում 2016 թ. դեկտեմբերի 16-ին զետեղված «Ավարտվող տարում ոստիկանական համակարգից 26 ոստիկան է հեռացվել» հրապարկման՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հարությունյանը «Ազատության» թղթակցին հայտնել է, որ եթե 2015 թ. աշխատանքից հեռացման պատճառը հիմնականում հանրահավաքների ժամանակ ոստիկանների վատ պահվածքն էր, ապա այս տարի հաշվի են առել նաև այլ գործոններ, մասնավորապես՝ ալկոհոլի, թմրամիջոցի օգտագործում և այլն։
Հայտնում ենք, որ լրագրողի այն հարցին, թե ինչու է 2016 թ. ընթացքում կրկնակի ավելացել կարգապահական հանձնաժողովում կարգապահական կոպիտ խախտումներով իրականացված ծառայողական քննությունների նյութերի քննարկումները և աճել է ոստիկանությունում ծառայությունից ազատված ծառայողների թիվը, Վ. Հարությունյանը պարզաբանել է, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1672-Ն որոշման համաձայն` ոստիկանության կարգապահական հանձնաժողովը ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի քննությունն է, և նկատի ունենալով, որ 2015 թ. սեպտեմբերից որոշվել է, որ պետք է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեն ոչ միայն հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը, այլև առհասարակ` «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության բոլոր նյութերը: Հետևաբար, 2015 թ. համեմատ 2016 թվականի ընթացքում գրանցվել է կարգապահական հանձաժողովի կողմից ծառայողական քննության նյութերի քննարկման աճ:
Միաժամանակ նշվել է, որ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ծառայողների կողմից կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու դեպքեր չեն արձանագրվել:
Լրագրողը հարց է ուղղել նաև ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի եղբոր՝ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի կողմից 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում իրականացված գործողությունների ու նրա նկատմամբ իրականացվող ծառայողական քննության վերաբերյալ:
Վ. Հարությունյանը պատասխանել է, որ Լեռնիկ Երանոսյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են և նրա վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միայն այսքանը: Մինչդեռ հոդվածագիրը տուրք տալով երևակայությանը նաև հավելել է, որ գնդապետ Վ. Հարությունյանի փոխանցմամբ` այդ քրեական գործով, իբր, նաև փոխոստիկանապետ Երանոսյանի գործողություններն են քննվում:
Մեկնաբանությունները կարծում ենք, ավելորդ են: