Տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Հալեպը լքելու իրենց հերթին. Կարմիր խաչ
Հալեպում շարունակվում է ապստամբների և խաղաղ բնակիչների տարհանումը քաղաքի արևելյան շրջաններից։ Անցած գիշեր հրադադարի ռեժիմը չի խախտվել, հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
Սակայն դեռ տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են քաղաքը լքելու իրենց հնարավորությանը։
Համաձան ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ արևելյան Հալեպից տարհանման առաջին օրերին արդեն դուրս է բերվել 9 ավտոշարասյուն, քաղաքը լքել է 6462 մարդ, այդ թվում՝ 3 հազար զինյալ։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ քաղաքի արևելյան թաղամասերից դեռևս իրենց տարհանմանն է սպասում շուրջ 50 հազար մարդ։
«Մեզ հաջողվել է Հալեպից ուղարկել 2 տարհանող ավտոշարասյուն, մոտավորապես 3 հազար մարդ, նրանցից 40-ը վիրավոր է։ Տարհանումը շարունակվում է, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք շուրջօրյա։ Մենք չենք ցանկանում գցել տեմպը, քանի որ մարդիկ այստեղ հուսահատ վիճակում են», – BBC-ին հայտնել է Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Պավել Կրզիսիկը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ սիրիացիներին ուղղված տեսաուղերձում ապստամբներին Հալեպից դուրս բերելն անվանել է «պատմական իրադարձություն»։