«Սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում». Ուրիխանյան
Այսօր Ազգային ժողովում ընդունվեցին մի շարք օրենքներ։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կողմ՝ 90, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 9 ձայների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՝ կողմ 79, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 15 ձայների հարաբերակցությամբ։
Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 95, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 ձայներով։
Այս օրենքի նախագծի քվեարկությունից առաջ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց.
«Այս նախագծով հանվում է բոլոր տարիների ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված այն դրույթը, ըստ որի՝ պատգամավորին հետապնդել չէր կարելի իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում կատարած գործողությունների համար։ Հիմա այդ կարգը չի գործում, սա մահակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում՝ նրանց գործունեությունը սահմանափակելու համար»։