Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը
ԱՄՆ Ջորջիա նահանգի նախկին կոնգրեսական, Դոնալդ Թրամփի շտաբի խորհրդական Ջեք Քինգսթոնը Մոսկվա կատարած այցի ժամանակ հասկացրել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը, հայտնում է National Public Radio-ն։
Ջեք Քինգսթոնը դեկտեմբերի 12-ին հանդիպել էր ՌԴ-ի ամերիկացի գործարարների հետ և հայտնել, թե ինչ կարող են վերջիններս ակնկալել նոր վարչակազմից։
NPR-ին տված մեկնաբանության մեջ Թրամփի խորհրդականն ընդգծել է, որ չի հանդիպել ռուս պաշտոնյաների և ամերիկացի դիվանագետների հետ։
Նրա խոսքով՝ եկել է «մեղմ դիվանագիտության» ժամանակը, որում դեր պետք է խաղան գործարարները։
Քինգսթոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերանայել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը։
«Դրանք բավականաչափ երկար են գործել։ Արդյո՞ք հասել են ցանկալի նպատակին»,- հարցրել է նախկին կոնգրեսականը։