ԱԱԾ-ում մտածում էին` Վահան Արծրունին կմիանա Բաքվի պլատֆորմի՞ն. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը չի հասցնում չեզոքացնել ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունները, որոնց մինիմում նպատակը ՀՀ քաղաքացիներին հայ-ադրբեջանական խաղաղարար կեղծ պլատֆորմին միացնելն է, մաքսիմումը`Բաքու մշտական բնակության տեղափոխելը:

Մինչ ՀՀ երկու քաղաքացի մի քանի օր առաջ հայտարարում էին, որ իրենք մտադրություն չունեին մեկնել Բաքու կամ միանալ որեւէ պլատֆորմի, տեղեկություն ստացվեց, որ արցախցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ է միանում նույն այդ պլատֆորմին:

Ինչպես հայտնի է Ադրբեջանը գործում է անցյալ տարի Երեւանից ընտանիքով Բաքու տեղափոխված անձնավորության միջոցով, ով աշխատանքի է անցել ադրբեջանական իշխանական լրատվամիջոցում: Նա հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին միանալու պատրվակով ինտերնետային կապ է հաստատում ՀՀ քաղաքացիների հետ, զրուցում պատերազմի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի մասին եւ ձայնագրում կամ տեսագրում իր զրույցը:

Երեկ արդեն երրորդ դեպքն արձանագրվեց, երբ սույն ծուղակն ընկած ՀՀ քաղաքացին (Արցախում բնակվող ակտիվիստուհին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի ժամ անցկացրել էր ԼՂՀ ԱԱԾ-ում) հրապարակայնորեն հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինքը որեւէ պլատֆորմի չի միանում եւ այլն:

Այսօր արդեն ակնհայտ է, որ թիրախում նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են: Նաեւ գրել էինք, որ Հայաստանի ԱԱԾ-ն նույնպես պետք է աշխատի այդ քաղաքացիների հետ, որպեսզի այս պրոցեսը կանգնեցնի:

Պարզվում է ԱԱԾ-ն իսկապես աշխատում է ՀՀ քաղաքացիների հետ, բայց դա անում է ԿԳԲ-ական հին եւ հարազատ ոճով: Արեւմտյան կրթությամբ, ԱԱԾ երիտասարդ պետը, ըստ երեւույթին դեռ չի հասցրել բարեփոխումներ անել հիմնարկում եւ աշխատանքային նոր, քաղաքակիրթ ոճ մշակել:

Ի՞նչ է անում ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն, կարծես թե, ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են:

Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ-ն զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունուն: Վերջինս ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ անթաքույց համակրում է «Սասնա Ծռերին», այլեւ ամռանն Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին:

Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ  Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատելով ֆեյսբուքյան նրա էջից, նույնպես համակրում է «Սասնա Ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից, եւ օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողն անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձեւերին. «Արա, դու երեւի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս