Ինչպես է Բաքուն «վերբովկա» անում ՀՀ քաղաքացիներին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է։ Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու։ Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու։ Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին։ Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակնհայտորեն տիրապետում են այս մարդկանց ցուցակին՝ ամբողջապես կամ մասնակի։ Հայաստանի հատուկ ծառայությունները նույնպես կարող են հեշտությամբ տիրապետել այդ ցուցակին, ընդ որում ամբողջությամբ։ Ադրբեջանական ծառայությունները հատ-հատ աշխատում են Հայաստանի իշխանություններից նեղացած և Հայաստանից հեռացած ՀՀ քաղաքացիների վրա։ Հայաստանի հատուկ ծառայություններին այլ բան չի մնում, քան նույնն անել՝ հատ-հատ աշխատել այդ մարդկանց հետ. ներողություն խնդրել իրենց նկատմամբ երբևէ տեղի ունեցած ապօրինության, անարդար վերաբերմունքի համար։ Բացատրել, որ Բաքու ոտք դնելով այլևս այնտեղից դուրս չեն պրծնի, ստիպված կլինեն ասուլիսներում Հայաստանի դեմ խոսել, Հայաստանի դեմ աշխատել, դավաճանի պիտակ վաստակել և մինչև կյանքի վերջն այդպես ապրել:

Սա բարդ եւ ծանր աշխատանք է, որ ստիպված է անել ԱԱԾ-ն: Սակայն Հայաստանի իշխանությունները եւ հատուկ ծառայությունները պարտավոր են անտրտունջ եւ առանց վրիպումների կատարել այդ աշխատանքը, քանի որ այս ամենը տեղի է ունենում իրենց մեղքով:

Նման իրավիճակ առհասարակ չէր ստեղծվի, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արժեք լիներ պետության եւ իշխանության համար: Եթե պետությունը պատասխանատվություն զգար իր քաղաքացիներից յուրաքանչյուրի համար` իշխանություններին քննադատողի, հայհոյողի, անգրագետի, գրագետի, շուլլերի ու անբարոյականի, նրանք այդպես հեշտությամբ  չէին նեղանա, չէին հեռանա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախը չէին դառնա: Պետությունը, սակայն ոչ միայն տարիներ շարունակ պատասխանատվություն չի զգացել նման մարդկանց նկատմամբ, այլեւ ինքն է ցանկացել օր առաջ ազատվել նրանցից: Այդպես ավելի հեշտ է`ամեն հեռացողով մեկ հայհոյող պակասել է:

ԱԱԾ-ից ակնարկում էին, թե տեղյակ էին, որ ընտանիքը պատրաստվում է Բաքու տեղափոխվել, բայց ոչինչ չարեցին, որպեսզի պոտենցիալ դավաճանին հերոսանալու հնարավորություն չտան: Հավատում ենք, որովհետեւ դա շատ նման է ՀՀ ԱԱԾ-ին. թող գնան, ավելորդ գլխացավանքից ազատվենք: Պարզվում է` գլխացավանքը դրանից հետո էր միայն սկսվելու եւ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս